Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի՛ վախենաք. ինձնից ավելի լավ բարեկամ և խորհրդատու չեք կարող ճարել։ Ասացեք, ասացեք համարձակ։

— Ես... ես ոչինչ չունիմ ասելու,— շշնջաց Շահյանն այնպիսի ողորմելի ձայնով, որ կարծես թե իրեն մեղադրում էին ինչ-որ մահացու մի հանցանքի համար, որից ուզում էր հրաժարվել։ Եվ նա, առանց զգալու, բնազդական վախկոտությամբ ձեռքը կամաց դուրս քաշեց պանի Չդանևիչի ձեռքից ու ետուետ քաշվեց, կարծես այդ սպառնում էր ճխլել նրան իր հսկայական հասակի տակ, ոչնչացնել նրան իր հետաքրքիր աչքերով։

Պանի Չդանևիչը հենց այնպես էլ սառած մնաց իր տեղում։ Մի րոպե կատարելապես ապշած նայում էր Շահյանի ճակնդեղի պես կարմրատակած դեմքին, հետո ուսերը վեր քաշեց, վերցրեց սակվոյաժը, ձգեց ուսին և մոտեցավ ճամպրուկներին։

— Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում,— ասաց կարծես ինքն իրեն, և զբաղվեց մնացած իրերը ճամպրուկի մեջ տեղավորելով։

Շահյանր զգաստացավ և նոր զգաց, թե որպիսի թանկագին րոպե բաց թողեց ձեռքից։ Ուզում էր սխալն ուղղել, բայց ուշ էր արդեն։ Տեղնուտեղն արձանացած, այժմ քաթանի պես գունատվել էր։ Այդպես է լինում, երբ ձեռքիդ բռնած չափազանց նուրբ ու թանկագին մի անոթ հանկարծ ընկնում կոտրվում է և կոտրածը ոչ կարելի է ամբողջացնել, ոչ նույնիսկ կոծկել։ Շահյանն զգաց, որ եթե ինքը մի որևէ բանով գրավել էր պանի Զդանևիչին, այդ մի բանն էլ կորավ, չքացավ անդարձ, և այժմ ինքը պարզապես ապուշի տպավորություն է թողնում այդ կնոջ վրա։ Եթե ավելի մեծ խայտառակության երկյուղը չունենար, ուղղակի կառներ գլխարկը և դուրս կփախչեր, որպեսզի չտեսներ պանի Չդանևիչի հիասթափված, ապշած դեմքը...

Նրանք կայարան հասան այն ժամանակ, երբ երկրորդ զանգն արդեն տվել էին։ Պանի Չդանևիչը սպասում էր, որ Շահյանը կօգնի իրեն շուտով վագոններից մեկում տեղավորվելու, բայց տեսնելով, որ նա փայտի պես կանգնած է մնացել իր տեղում, ինքը վազեց տոմսակ գնելու և հետո իր ճամպրուկները շալակած բեռնակրին առաջ գցեց դեպի