Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքերն անբնական կերպով մեծացել, սառել էին։ Շուրջր տիրող քարացած լռությունը, լապտերի միապաղաղ աղոտ-կարմիր լույսը մահվան տպավորություն էին թողնում։ Եվ մահվան այդ կաշկանդող տպավորության տակ Եվայի անշարժ հայացքը հառած էր մոր դեմքի վրա, մինչև որ նրան թվում էր, թե կարմիր լույսի թափանցիկ շղարշով պատած նրա դեմքը կամաց-կամաց շարժվում, երկարում ու լայնանում է, փակ աչքերի լայն փռված թերթերունքները բարձրանում են ծանրությամբ, բերանը սկսում է բացվել և ահա՛, որտեղ որ է, պիտի լսվի այն սարսափելի ճիչը, որ արձակեց մայրն այդ առավոտ որդու մահվան գույժը լսելով։ Եվան ցնցվում էր, անթարթ նայելուց շաղվող հայացքը հեռացնում էր մոր դեմքից, գլուխը ետ էր ձգում աթոռի մեջքի վրա և աչքերը փակում։ Լապտերի լույսը վերևից ուղղակի ընկնում էր նրա դեմքին, և այդ դեմքն այնքա՜ն անշարժ, այնքա՜ն անզգա էր երևում։

Անշարժ շրջապատի կաշկանդող տպավորության տակ Եվային թվում էր, թե ամբողջ ննջարանը լիքն է ուրվականներով, որոնք իրար են անցնում հանդիսավոր լռությամբ, և ինքն իր փակ աչքերով տեսնում է նրանց ու չի վախենում։ Թողնելով, որ ուրվականներն իրենց հիմար պարը բռնեն, նա անձնատուր էր լինում անորոշ մտածմունքների և անմեղ զարմանքով հարցնում էր ինքն իրեն. «Այս ի՞նչ է կատարվում շուրջս»։ Ծայրահեղ վիշտը բթացրել էր նրա զգացումները, այնպես որ նա կարծում էր, թե ինքը վիշտ չի զգում ամենևին, այլ միայն ինչ-որ վերին աստիճանի օտարոտի մի բան կաշկանդել է իր ամբողջ էութունը, և ինքը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ այդ կաշկանդված դրությունից։ Նրան թվում էր, թե հանկարծ ընկել է բոլորովին նոր ու անծանոթ մի աշխարհ, ուր ամեն ինչ մութն էր ու լուռ, ինչպես գերեզմանի մեջ։ Այդ սոսկալի մթության ու լռության մեջ մի լույս կար միայն, արյան նման կարմիր մի լույս, որի մեջ հանդիսավոր պար էին բռնել ինչ-որ անձև ու անմարմին ուրվականներ... Նա աչքերը բաց էր անում, նայում էր առաստաղից կախված լապտերին և կրկին անգամ հարցնում էր ինքն իրեն անմեղ զարմանքով. «Այս ի՞նչ է կատարվում շուրջս»։