Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրած երիտասարդն այլևս չկա... Եվ, եթե չգիտե ու նոր իմանա, ի՞նչ կանի...

«Տե՛ր աստված, տեր աստված, այս ի՞նչ է պատահում ինձ»,— շշնջաց Եվան անտանելի տանջանքով, խոնարհված ծնկների վրա և մատներով սեղմելով իր ուսերը ցնցողաբար։ Նոր էր զգում իր վիշտը, նոր էր տեսնում, թե ի՜նչ սոսկալի թշվառություն էր պատահել իրենց ընտանիքի մեջ։

Եվան նստեց ուղիղ և նայեց չորս կողմը։

Լապտերի մեղմ լույսն իր կարմրությամբ, կարծես, գոլորշիանում էր։ Խուլ լռության մեջ ականջները թշշում էին։ Թեկլեի՝ բարձի մեջ ծանր քարի նման թաղված գլուխն իր դեմքի մեռելային անշարժությամբ զարհուրելի տպավորություն էր գործում։ Մարությանն, առաջվա նման անշարժ, խոնարհված էր ծնկների վրա. նրա ճաղատ ծոծրակը, կարմիր լուսով լուսավորված, վշտահար ցնցվում էր կարծես։ Թվում էր, թե միշտ ուրախ, միշտ զվարճախոս այդ մարդը, որ այժմ այդպես խղճալի կերպով կուչ էր եկել, լաց է լինում անձայն, և անմխիթար արտասուքները ողողում են նրա ծնկները։ Անհուն խղճահարությամբ ու վշտով նայում էր Եվան նրա կախված գլխին, որ կարծես հարյուր տարեկան ծերունու գլուխ լիներ, և խելագարեցնելու չափ տանջում էր նրան այն միտքը, որ ինքը ո՛չ մի, ո՛չ մի բանով չպիտի կարողանա մխիթարել այդ թշվառ հորը։

«Օ՜ֆ, տեր աստված,— շշնջաց նա, անտանելի վշտիտ աչքերը փակելով,— ի՞նչ կլինի, որ այս բոլորն երազ լինի միայն, այն սարսափելի երազներից մեկը, որից մարդ զարթնում է սրտի անհուն թեթևությամբ և ուրախանում, որ իր բոլոր տեսածն ու զգացածը լոկ երազ է եղել...»։

11

Թեկլեն առաջին օրը անցկացրեց խորին անզգայության մեջ։ Նա ուշքի եկավ հետևյալ օրը և նմանում էր լեթարգիական քնից արթնացողի։ Այնուհետև սկսեցին որդեկորույս մոր ծանր վշտի ծանր օրերը։ Նա լալիս էր մերթ մեղմորեն, առանց արտասուքի, երկար, աղեկտուր բառերով, մերթ ողբում էր կատաղի ջղայնոտությամբ, որի միջոցին