ստեղծած ցնորական քաղցր կյանքի մեջ, մինչդեռ, մոր ներս մտնելուց սթափվելով, դուրսն այդ ցնորական կյանքի ատելի հակապատկերը ներկայացավ նրա աչքին։ Ինչպե՜ս մռայլ էր երկինքը, ինչպես բարակ, սիրտ մաշող կերպով մաղում էր անձրևը։
Մոտ մի ժամ տևեց, մինչև որ նա մի քանի անգամ շուռումուռ եկավ անկողնում, նստեց, նորից պառկեց, նորից նստեց, մատների խաղերը ճրթճրթացրեց, հորանջեց, ճմլկոտաց, ոտները կոխեց փափուկ մաշիկների մեջ, լվացվեց, հագնվեց, սանրվեց և, վերջապես, ակնոցի ապակիները թաշկինակի ծայրով սրբելով, դուրս գնաց սեղանատուն, ուր հայրն ու մայրը վաղուց սպասում էին նրան թեյի։ Չնայելով այդ ծանր ու բարակ գործողություններին, որոնց կատարելու համար ուղտի համբերություն էր հարկավոր, Շահյանն, այնուամենայնիվ, հակառակ իր սովորական մեռած տրամադրության, առանձին աշխույժ էր զգում իր մեջ այդ օրը։
Գիշերը հորն ու մորը թռուցիկ կերպով արդեն պատմել էր Մարությանների մասին. այս անգամ մանրամասնությունների մեջ մտավ և իր հիացմունքը հայտնեց առանձնապես Մարությանի մասին։
— Միայն մի պակասություն ունի,— ավելացրեց նա.— չափից դուրս շատախոս է։
— Միայն այդ պակասությունը չէ,— նկատեց աղա Կարապետը.— նա անպիտան մարդ էլ է։
— Ի՜նչ,— բացականչեց Շահյանը։
Հայրը նայեց որդու զարմացած դեմքին և ծիծաղեց, ինչ որ շատ հազիվ էր պատահում. որդու ուրախ տրամադրությունը տեսնելով, նա ինքը շատ ուրախ էր։
— Ասենք, ես մի քիչ խիստ ասացի,— ասաց նա:— Մի վախենար. Մարությանը էլի քո կարծած լավ մարդն է, միայն... մի փոքրիկ անպիտանություն է արել:
— Եղբորը, որ հորական ժառանգությունից զրկե՞ց,— հարցրեց կինը ամուսնուն:
— Հա՛:
Եվ աղա Կարապետը պատմեց որդուն Մարությանի հետևյալ «անպիտանությունը»։ Մարությանը մի եղբայր ուներ.