Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խեյագարի պես փետում էր մազերը, ճանկռոտում էր երեսը, կոծում էր ծնկները ինչ-որ վայրենի ճիչերով, որից հետո հանգստանում էր հանկարծ, գլուխը կախում էր կրծքին և մղկտում էր լուռ, առանց բառեր արտասանելու, և աչքերից թափվում էին արտասուքներն առվի պես։ Երբ կսկծի ուժգին թափն անցավ, նա այլևս չէր ողբում, նրա աչքերն այլևս թաց չէին լինում. նա ման էր գալիս ուրվականի պես, նայում էր շարունակ լայն բացած աչքերով, կարծես զարմացած ինչ-որ խիստ զարմանալի մի բանի վրա, և շատ քիչ էր խոսում, երբեմն էլ ամբողջ ժամերով նստած էր մնում մի տեղում անշարժ ու լուռ և չէր իմանում ինչ է մտածում։ Շատ հաճախ որդու լուսանկարը դնում էր առաջը, նայում էր, նայում, հետո գլուխը դնում էր վրան և նրան թվում էր, թե հանգիստ ու քաղցր մի քուն է մտնում։ Մի-երկու անգամ ուշագնաց եղավ այդ դրության մեջ, և հազիվ կարողացան նրան ուշքի բերել։

Մարությանն այլևս այն Մարությանը չէր. թվում էր, թե առմիշտ կորցրել էր իր աշխույժը, դարձել էր լռակյաց և ջղային ու գրգռվում էր ամեն մի չնչին բանից։ Նա միշտ խույս էր տալիս թե՛ կնոջից, թե՛ աղջկանից և տանն եղած ժամանակ մեծ մասամբ փակված էր մնում աոանձնասենյակում։

Եվան նույնպես բոլորովին փոխվել էր։ Եղբոր չարաչար մահը և Բազենյանի վերաբերմամբ ունեցած ծանր հիասթափությունը, փոխանակ ընկճելու, ինչ-որ վեհություն էին տվել նրա հոգուն։ Այդ վեհությունն արտահայտվում էր նրա ամբողջ արտաքինի մեջ. հասակով կարծես ավելի ևս բարձրացել էր, ման էր գալիս առանց շտապելու, հաստատուն քայլերով, նայում էր վիրավորված մարդու հպարտ հայացքով, խոսում էր վճռական ձայնով և թվում էր, թե հոր ու մոր վշտի վրա նայում էր առանց որևէ կարեկցության։ Սակայն շատ գիշերներ, երբ պառկում էր քնելու, քունը մոտ չէր գալիս նրա աչքերին. դեմքը թաղում էր բարձի մեջ և հեկեկում էր երեխայի պես։ նրա անբիծ հոգին խիստ վրդովված էր։ Ամենևին չէր ուզում հաշտվել այն մտքի հետ, թե եղբայրն այլևս չկա, այլևս երբեք չպիտի տեսնի նրան: Մյուս կողմից