Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան կատաղի վրդովմունք էր պատճառում այն հանգամանքը, որ մի ինչ-որ անծանոթ, բախտախնդիր երիտասարդ կարողացավ ամենաանարգ կերպով խաբել իրեն և գողանալ իր անարատ սիրտը։ Շատ ժամանակ չէր անցել, դեռ երեկ էր, որ նա լի էր կենսուրախությամբ, վառվռուն զգացումներով, ոսկեվառ հույսերով, իսկ այժմ հանկարծ ամեն ինչ քարացել էր նրա մեջ և իր ծանրության տակ անտանելի կերպով ճնշում էր նրա հոգին։ Իր շուրջն ու ներսը տեսնում էր զարհուրելի դատարկություն ու խավար, ինչպես մի մարդ, որ կուրանում է հանկարծ։ Մարդկանց և աշխարհի վրա ինչպիսի՜ պայծառ հայացք ուներ և հանկարծ ի՛նչ էր տեսնում։ Իրենց տունը մանավանդ նրան ներկայանում էր իբրև մի դրախտ, ուր թշվառությունը չպիտի համարձակվեր ներս մտնել։ Մինչդեռ — ահա՛ իր սիրասուն եղբայրն այլևս չկա, ահա՛ մայրը գրեթե խելագարված, ահա՛ հայրը, այդ՝ երիտասարդական աշխուժով լի, այդ բարի ու կենսուրախ հայրը, վշտից ծերացած և դաժանացած։ Ահա՛ և ինքը։ Ո՞ւր են, ո՞ւր չքացան իր անհանգիստ պայծառ հոգու անզուսպ ձգտումները, որոնք թև էին տալիս թռչելու դեպի բարին, դեպի ճշմարիտը, դեպի սիրո և անձնազոհության գերագույն մի իդեալ, որը ներկայանում էր նրան միշտ արևի կենսատու շողերով լուսազարդված... մեռելությո՜ւն, ամե՜ն տեղ մեռելություն, սոսկալի՜ մեռելություն... Նրա համար օրը լուսանում և մթնում էր իբրև բնության մեքենայական մի գործողություն, առանց հարցնելու մարդ-արարածին, թե կամենո՞ւմ է նա արդյոք, որ այդ գործողությունը կատարվի։ Ծայրահեղ հուսահատության մեջ կյանքը նրան ներկայանում էր իբրև բոլորովին աննպատակ մի բան, այնպես որ, լավ որ մտածում էր, ապշած էր մնում, թե ուրեմն էլ ինչի՞ համար էին այդ անտանելի տանջանքները, որ այժմ կրում էր ինքը, ինչպես և այն երջանիկ օրերը, որոնք անցան գնացին...

Նրա մեջ զարթել էր խորազնին միտքը — բոլոր տանջվողների մխիթարության այդ միակ աղբյուրը։ Մի բան, որ նա սաստիկ փափագում էր, այդ այն էր, որ լիներ մեկը, որի առաջ կարողանար թափել իր բոլոր զգացածներն ու մտածածները։ Մի անգամ այդ բանը փորձեց անել հոր մոտ. բայց հայրն այնպես բարկացավ նրա վրա, որ նա իսկույն