Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կցանկանք ձեր առողջությունը»։ Ու պրծավ։ Իմացիր, որ առանձնապես բարկացած եմ քեզ վրա, Եվա։ Ի՞նչ հիմարություններ էիր գրել վերջին նամակիդ մեջ։ Ինչ-որ փիքիսոփա ես դարձել։ Ասենք, առաջ էլ փիլիսոփա էիր, բայց այժմ փիլիսոփայությունդ այնքան «խուրը տկեմեն» է, ինչպես կասի թիֆլիսեցին, որ գլուխս բան չի մտնում։ Օրինակ. ի՞նչ է նշանակում՝ «թշվառ է նա, որ միշտ ուրախ և երջանիկ է»։ Սրանք քո իսկական խոսքերն են, որ ես բառացի արտագրում եմ քո վերջին նամակից։ Աստված վկա, այնպես պիտի կռվեմ քեզ հետ այդ խոսքերի համար, որ... Սպասիր մեկ գամ։ Այդ խոսքերի վրա ինչե՜ր, ինչե՜ր չեմ մտածել, բոլորը հիմարություններ, իհարկե... Ա՛խ, քույրիկ ջան, աստված ոչ անի, որ դու երբևիցե թշվառ լինես։ Կմեռնեմ, որ քեզ թշվառ տեսնեմ։ Բայց այդ անկարելի է. ծիծեռս մի՞թե կարող է բու դառնալ... Ո՜ւֆ, քիչ է մնում, որ նորից հիմար մտքեր ծագեն գլխումս այս ցնծագին տրամադրությանս միջոցին, երբ ուրիշ ոչ մի բանի մասին չեմ ուզում մտածել, բացի միայն այն բանի մասին, որ շուտով պիտի գամ, պիտի տեսնեմ քեզ, պիտի գրկեմ քեզ, պիտի համբուրեմ սիրունիկ աչքերդ... Ո՜ւֆ։ Գիտե՞ս, այդ բացականչությունը որ գրեցի, ո՛վ պատկերացավ իսկույն առաջս.— դու։ Ճիշտ է, լուսանկարդ չուղարկեցիր, բայց ես ավելի զորեղ միջոց ունեմ քեզ տեսնելու, քան մեռած թուղթը կարող է ցույց տալ. ամեն անգամ, որ ուզում եմ քեզ պատկերացնել, դեմքս քեզ պես թթվեցնում եմ զայրացկոտությամբ, գլուխս ցնցում, ձեռքս խփում ծնկանս և ինքս ինձ արտասանում սրտանց «ո՛ւֆ»։ Այդ բավական է լինում, որ քեզ ոտով-գլխով տեսնեմ աչքիս առաջ։ Հեշտ միջոց է, չէ՞։ Դրանով եմ ապրել այս մեռելության մեջ այսքան ժամանակ։ Զարմանալի է. այդտեղ եղած ժամանակս այնքան չէի սիրում քեզ, ինչքան հիմա, այստեղ։ Բայց այս էլ ճիշտ է, որ դու կախարդ ես։ Կախարդ որ չլինեիր, քեզ տեսնելու կարոտն այսպես չէր սպանիլ ինձ։ Ա՜խ, ե՞րբ պետք է անցնի այս երկու շաբաթը։ Ահա թե ե՛րբ է հարկավոր, որ մարդիկ թևեր ունենային։

Այսօր թեմական տեսուչն եկավ մեր գյուղը (տեսնո՞ւմ ես, ես արդեն «մեր» եմ ասում), այցելեց մեր ուսումնարանը,