Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարությանն արագ մոտեցավ նրան և առավ նրա ձեռքի նամակը։ Մինչդեռ շտապով աչքի էր անցկացնում եղբոր աղջկա նամակը, Եվան շարունակում էր հեկեկալ հուսահատական տանջանքով։ Ընթերցումը վերջացնելուց հետո Մարությանը նամակը վերադարձրեց աղջկան։

— Լավ, էլ ինչո՞ւ ես լաց լինում,— ասաց այս անգամ մեղմորեն։

— Ա՜խ, հայրիկ, եթե իմանաս, թե ինչ սարսափելի հարված պիտի լինի նրա համար, երբ գա և իմանա, որ Արմենակն այլևս չկա... Դու չգիտես, դու ոչինչ չգիտես, հայրիկ... Մենք ենք, որ դիմանում ենք, բայց նա... Մի՞թե չես երևակայում, թե թեկուզ հենց իմ այս սև հագուստը միայն ի՜նչ հարված պիտի տա նրան... Նա լավ աղջիկ է, հայրիկ, առանց իր գրելու էլ գիտեմ, որ սաստիկ սիրում է ինձ, սիրում է ամենքիս, իսկ Արմենակին... Հիմա մտածիր. Արմենակի մահը, մեր վիշտը... այդ ախր մահ կլինի նրա համար, նա չի կարող դիմանալ, չի կարող... Ես դիտեմ, գիտեմ... Ո՛չ, ո՛չ, հայրիկ ջան, չե՛մ ուզում, չե՛մ կարող... Թող չգա, թող ոչինչ չիմանա...

— Դու դարձյալ սկսեցիր քո հիմարությունները,— նկատեց հայրը զայրացած։— Միևնույն է, վաղ թե ուշ, պիտի իմանար, թե ինչ դժբախտություն է պատահել մեզ, բայց դու չթողիր, որ մինչև անգամ հայտարարություն տայինք լրագրերին հոգեհանգստի մասին, չթողիր, որ ակնարկություններով, բաներով քիչ-քիչ նախապատրաստեինք նրան։ Հիմա լա՞վ է, որ բոլորովին ոչինչ չի իմանում, և հարվածը հանկարծական պիտի լինի։

Եվան վերին աստիճանի հուսահատությամբ ձեռքերը կոտրատեց։

— Դու ճիշտ ես ասում, հայրիկ։ Բայց ինչո՞ւ էիր լսում ինձ։ Հիմա ի՞նչ անենք։ Ես չեմ կարող նրան երկաթուղու կայարանում դիմավորել, չեմ կարող, հայրիկ, աստված է վկա, չեմ կարող...

— Լավ, մի գնա կայարան, քեզ ո՞վ է ասում, որ գնաս։ Տե՛ր աստված, այս աղջիկը գժվել է... Լավ, էլ ինչու ես այդքան հուսահատվում։ Հարվածը մեզ համար, կարծեմ, ավելի սաստիկ էր և անակնկալ, բայց տեսնում ես, որ մենք չմեռանք, ուրեմն նա էլ չի մեռնի, անհոգ կաց։