Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխենն ինձ նույնն ասաց, ինչ որ այս րոպեին դու ասացիր, և ես նրա վրա էլ բարկացա։ Առհասարակ ես խիստ նեղանում եմ, երբ ինձ վերագրում են մի բան, որ մտքովս անգամ չի անցել։

Օր. Սահակյանն անցավ նրա ետևը և, խոնարհվելով նրա ուսի վրա, ժպտալով նայեց նրա դեմքին։

— Եվա, թույլ կտա՞ս համբուրեմ։

Եվան վիրավորված հանգստությամբ լռում էր։

Իզուր սպասելով նրա պատասխանին, օր. Սահակյանը երկու ձեռքով բարձացրեց նրա գլուխը և համբուրեց շրթունքներից։

— Գիտե՞ս ինչ կա, Եվա ջան,— ասաց նա, արագորեն մի աթոռ առնելով ու նստելով նրա մոտ։— Մինչև այժմ ում հետ էլ որ խոսել եմ, ամենք էլ, ծանոթ-անծանոթ, վիրավորվել են ինձնից։ Բայց, աստված է վկա, ես երբեք ոչ ոքի վիրավորելու միտք չեմ ունեցել. ես միայն իմ կարծիքով, ճշմարտությունն եմ ասել, և ինձնից վիրավորվողներից ոչ ոք չի կարողացել ինձ համոզել, որ սխալվել եմ։ Բայց այս անգամ, քո վերաբերմամբ, պետք է անկեղծ խոստովանեմ, մեղավոր եմ, որովհետև համոզվեցի, որ ճշմարտությունը չեմ ասել: Ուստի պետք է ներես ինձ։ Ի նկատի ունեցիր, որ այս առաջին անգամն է, որ ինձնից վիրավորվողից ներողություն եմ խնդրում։ Այդ նշանակում է, որ ես լիովին համոզված եմ, որ սխալվել եմ։ Եվ շատ ուրախ եմ, որ սխալվել եմ, որովհետև գիտե՞ս, թե ինչպիսի հարված պիտի լիներ քո ատելությունն Աշխենի համար, որը բառիս բուն նշանակությամբ պաշտում է քեզ։ Ուզո՞ւմ ես, ցույց տամ նրա նամակը, տես ինչպիսի՛ կարոտով է քեզ հիշում, ինչպիսի՛ ուրախություն է հայտնում, որ շուտով պիտի տեսնի քեզ։

— Գիտեմ. նույնն ինձ է գրում,— ասաց Եվան խռովածի պես։

Օր. Սահակյանը կռացավ, հատակից վերցրեց գիրքը և դրեց նրա առաջ։

— Ուզո՞ւմ ես ուղիղն ասեմ, Եվա։ Ես իսկապես եկա քեզ մոտ այն նպատակով, որ իմանամ, թե ինչպես ես տրամադրված այժմ դեպի Աշխենը, և դիտմամբ այդ նպատակով էլ ասացի այն, ինչից որ վիրավորվեցիր և գիրքը գլխովս