Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվիր: Ես կասկածում էի և եթե տեսնեի, որ եղբորդ մահն այս կամ այն կերպ կապում ես իսկապես Աշխենի հետ, պետք է հնար գործ դնեի հակառակը համոզելու քեզ։ Եվ փառք աստծո, որ ինքդ ասացիր այն, ինչ որ ես պետք է ասեի այդպիսի դեպքում։ Այժմ ես հանգիստ եմ և միանգամայն շնորհակալ, որ ինձ ազատեցիր մի մեծ դժվարությունից։ Ինչևիցե, այս վերջացավ։ Այժմ մի բան եմ ուզում խնդրել քեզ։ Աշխենը գրում է, որ իր գալու օրը կհեռագրի ձեզ. հեռագիրը որ ստանաք, կհայտնե՞ս ինձ, որ ես էլ գամ կայարան նրան դիմավորելու:

— Ես չեմ գնալ կայարան։

— Ինչո՞ւ:

— Չեմ կարող։

— Իսկ հա՞յրդ։ Գիտեմ, որ մայրդ չի կարող, հիվանդ է։

— Հորս էլ չեմ թողնիլ, որ գնա:

Օր. Սահակյանը կարճ ժամանակ սիրով նայեց Եվայի հանգիստ և հաստատ վճռականություն արտահայտող դեմքին:

— Հասկանում եմ քեզ, Եվա ջան,— ասաց նա։— Բայց իզուր ես կարծում, թե նա այնքան թուլասիրտ կգտնվի, որ չի կարող դիմանալ հարվածին։ Ճիշտ է, նա բոլորովին չի իմանում, թե ինչ է պատահել, բայց որքան նրա սիրտն ընդունակ է սիրելու, այնքան և ամուր է հոգին։ Բացի դրանից, չէ՞ որ միևնույն հարվածը պետք է ստանա այստեղ, տանը, խո չե՛ք կարող նրանից թաքցնել...

— Ո՛չ, ո՛չ, ո՛չ,— արտասանեց Եվան անտանելի տանջանքով և գլուխը դրեց սեղանի վրա։— Նա գալիս է ուրախ և երջանիկ, կարծելով, թե պիտի գտնի իր թողած նախկին կենսուրախ տունը, մինչդեռ...

Եվ Եվան լռեց լացակումած։

Օր. Սահակյանը նայեց նրան խորին կարեկցությամբ. ուզում էր շոյել նրա փափուկ մազերը, որոնք, մի գիսակի մեջ հյուսված, փայլում էին ճրագի լույսի տակ. ուզում էր մխիթարական խոսքեր ասել, բայց զգաց, որ դրանով միայն յուղ կարող է թափել կրակի վրա։

— Համենայն դեպս հեռագիրը որ ստանաք, իմաց տուր ինձ,— ասաց նա:— Իսկապես որ շատ լավ կլինի՝