Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ դու գաս, ոչ հայրդ, որովհետև ո՞վ գիտե ինչ կպատահի, որ ձեզ այդպես տեսնի։ Ավելի լավ է, մենակ ես կգնամ. մինչև տուն հասնելը կնախապատրաստեմ նրան, որպեսզի հարվածը հանկարծական չլինի։

Եվան գլուխը բարձրացրեց արագ. նրա աչքերը լիքն էին արտասուքով։

— Խնդրում եմ, Վարո ջան, այդպես արա,— բացականչեց նա։— Դու ինձ ազատած կլինիս մի անտանելի դժվարությունից։

14

Մի շաբաթ հետո գիշերը ստացվեց Աշխենի հեռագիրը, որով հայտնում էր, թե առավոտվա գնացքով Թիֆլիսում կլինի։ Եվան հեռագիրն անմիջապես ուղարկեց օր. Սահակյանին։

Առավոտյան օր. Սահակյանը գնաց երկաթուղու կայարան։ Նա շատ անհանգիստ դրության մեջ էր, և այդ անհանգստությունն ավելանում էր րոպե առ րոպե, քանի մոտենում էր գնացքի ժամանման րոպեն։ Դեռևս չէր որոշել, թե ինչպես պիտի նախապատրաստեր Աշխենին սարսափելի հարվածին դիմանալու համար։ Երևակայում էր, թե ինչպիսի ուրախությամբ, ինչպիսի կարոտով Աշխենը պիտի ընկներ իր գիրկը, ինչպիսի անհամբերությամբ պիտի շտապեցներ իրեն շուտով տուն հասնելու, Եվային, յուրայիններին տեսնելու համար։ Եվ ինքը մի քանի կցկտուր խոսքերով միանգամայն պիտի ջախջախեր նրա ուրախությունը և նրա սիրած, անձկալի երիտասարդի չարաչար մահվան սարսափելի գույժը պիտի տար նրան։ Օր. Սահակյանը սարսափում էր երևակայել, թե ինչ կպատահեր Աշխենին, և զգում էր, որ կորցնում է իր քաջությունը։

Հեռվից խուլ կերպով լսվեց շոգեմեքենայի սուլոցը։ Օր. Սահակյանը կանգ առավ պլատֆորմի ծայրին և աչքը տնկեց այն կողմը, որտեղից պիտի երևար գնացքը։ Մի-երկու րոպեից երկու բլրի խոր միջանցքում, պայծառ սպիտակին տվող ձյունի ֆոնի վրա, երևաց շոգեմեքենայի հուժկու սև կուրծքը և ապա վագոնների երկայն շղթան։ Պլատֆորմին մոտենալիս