— Դե, էլ ո՞վ մնաց... ինքդ հասկացիր, էլի...
— Արմենակի՞ն,— ճչաց Աշխենն այնպիսի սարսափելի ձայնով, որ կառապանը ետ նայեց։
— Այո,— կարճ պատասխանեց օր. Սահակյանը, վախենալով նայել նրա աչքերին։
Աշխենը հանկարծ սաստիկ թուլություն զգաց ամբողջ մարմնի մեջ. ուզում էր էլի, ըստ երևույթին, ինչ-որ հարցնել, բայց ձայնը չհպատակեց նրան։ Ինչ-որ սև բան, մշուշի պես, եկավ ծածկեց նրա աչքերի առաջը։ Նա կամաց ետ ընկավ կառքի խորքը, և նրա աչքերի կոպերը ծածկվեցին։
Օր. Սահակյանը սաստիկ վախեցած վրա ընկավ նրա սառույց կտրած ձեռքերին։
— Աշխե՛ն...
Աշխենը աչքերը բաց արեց, և նրա անմիտ հայացքն ընկավ ընկերուհու վախից չռած աչքերին։
— Սիրտդ խո չի՞ նեղանում։
Աշխենը գլուխը շարժեց։
— Չէ,— շշնջաց նա հազիվ լսելի ձայնով և հենց այնպես էլ սառած մնաց։
Այնուհետև մինչև տուն հասնելը երկու ընկերուհիներից ոչ մեկը գրեթե ոչ մի խոսք չարտասանեց։ Օր. Սահակյանը, Աշխենի սառած ձեռքն իր ձեռքի մեջ առած, երբեմն-երբեմն անհանգիստ հայացք էր ձգում նրա կտավի գույն ստացած դեմքին, իսկ Աշխենը, ետ ընկած կառքի խորքը, անմիտ հայացքով անթարթ նայում էր կառապանի մեջքին և, ըստ երևույթին, ամենևին չէր իմանում, թե որտեղ է ինքը և ուր է գնում։
Կառքը վերջապես կանգ առավ Մարությանների տան առաջ։ Օր. Սահակյանը շտապով իջավ և սեղմեց դռան զանգի կոճակը։
— Աշխե՛ն, իջիր, հասանք,— կանչեց նա։
Աշխենը, ըստ երևույթին բոլորովին հանգիստ, կամաց վեր կացավ և իջավ կառքից։ Օր. Սահակյանը բռնեց նրա ձեռքից և տարավ դեպի դուռը, որ հենց նոր բաց արեց ծառան։
Աշխենը չտեսավ իրենց հին ծառայի բարևը, մտավ և հանդարտ քայլերով սկսեց բարձրանալ սանդուղքով, ձեռքով