Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վանդակապատից բռնած։ Հազիվ մինչև սանդուղքի գլուխը հասած, այլևս չկարողացավ առաջ գնալ, և ուժասպառ հիվանդի պես, նստեց վերջին աստիճանի վրա։

Օր. Uահակյանր բոլոր իրեղենները տվեց ծառային, շտապով վճարեց կառապանին և հասավ ընկերուհուն։

— Ինչո՞ւ ես նստել, վեր կաց,— ասաց նա և ուզեց օգնել, որ Աշխենը վեր կենա։

— Սպասիր, մի քիչ հանգստանամ. ծնկներս դողում են,— ասաց Աշխենը կամաց։— Զարմանալի է. ամբողջ մարմինս, կարծես, փալաս է դարձել,— ավելացրեց նա և գլուխը գրեց ծնկանը հենած ձեռքի վրա։

Այդ րոպեին սենյակներից մեկի դուռը բացվեց և նախասենյակը դուրս վազեց Եվան։

— Քույրիկ ջա՛ն,— աղաղակեց նա։

Աշխենը ցնցվեց, արագ բարձրացավ և կամաց ընկավ նրա գիրկը։

Մինչդեռ նրա գլուխը խաղաղ հանգչում էր հորեղբոր աղջկա ուսի վրա, Եվան իր գրկի մեջ պինդ սեղմելով նրա նիհար իրանը, հուսահատական հեկեկանքով համբուրում էր նրա հանգած աչքերը, նրա սառն շրթունքևերը։ Այդ հեկեկանքի և համբույրների մեջ միացած էին կարոտը, վիշտը և մխիթարելու անհուն ցանկությունը։

— Մի՞թե ես քեզ այսպես պիտի ընդունեի, քույրիկ ջան,— ասում էր նա։— Մի՞թե ուրախության արտասուքների տեղ վշտի և հուսահատության արցունքներ պիտի թափեի, իմ սիրելի, իմ անգին քույրիկ...

Օր. Սահակյանը տեսավ, որ բանը հեռու կարող է գնալ և ուզում էր բաժանել նրանց, բայց այդ միջոցին Աշխենը կարծես հանկարծ ուշքի եկավ ինչ-որ խոր թմրությունից, կամաց ազատվեց Եվայի գրկից։ Նրա գլուխն առավ իր ձեռքերի մեջ և անձկալի վշտով համբուրեց նրա շրթունքները։ Բայց նրա աչքերն առաջվա պես ցամաք էին. առաջվա պես լուռ էր նա. նրա բերնից վշտի ոչ մի խոսք, ոչ մի հառաչանք դուրս չէր եկել դեռ։

Արագ քայլերով դուրս եկավ Մարությանը։

Աշխենը մեկ ուզեց առաջ գնալ դեպի նա, բայց կանգ առավ քարացած, հանցավորի պես։