Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարությանը մոտեցավ նրան, գրկեց և համբուրեց նրա մազերը։

— Բարով ես եկել, զավակս,— ասաց նա, և նրա ձայնը սաստիկ դողաց։ Նա կուլ տվեց թուքը և հարցրեց.— առո՞ղջ ես։

Աշխենը բորովին կարկամած, միայն գլխով արավ։

— Պետք է ներես, որ մեզնից ոչ ոք չկարողացավ գալ քեզ դիմավորելու,— ասաց Մարությանն այս անգամ ավելի հանգիստ։— Օրիորդ Սահակյանն, երևի, ասած կլինի քեզ պատճառը... Բան չկա, զավակս։ Փառք տանք աստծուն, արհամարհանքով նայենք անպետքների վրա և մխիթարվենք նրանով, որ մեր կորուստն ապարդյուն կորուստ չէ։ Սա մի զոհ էր, որ տվինք հայրենիքի սեղանի վրա... Դե, ներս եկեք, այստեղ ցուրտ է։

Ասիական փոքրիկ թախտի վրա կուչ էր եկել Թեկլեն։ Այն աստիճան փոխվել էր նա, որ Աշխենն աոաջին նվագ չճանաչեց նրան։ Վերին աստիճանի խղճալի տպավորություն էր գործում նա իր ցամաքած աչքերով և սառած դեմքով. նրա վշտի բոլոր հյութը կարծես քամվել ցամաքել էր։

Աշխենը չոքեց նրա առաջ, առավ նրա ձեռքը և լուռ համբրուրեց։

Թեկլեն գրկեց նրա գլուխը, շրթունքները կպցրեց նրա ճակատին, այնուհետև, ցամաք աչքերով նայելով նրա աչքերին, սկսեց խաղաղ կերպով սգալ իր որդու մահը։

— Դու գնացիր և եկար, Աշխեն ջան, բայց գիտե՞ս, որ նա, իմ Արմենակս, էլ չի գալ, էլ չեմ տեսնիլ նրան... Անօրենները կախեցին նրան, խեղդեցին, որդի ջան.. Ավելի լավ չեր լինիլ որ իմ որդին իմ ձեռքերի վրա մեռներ... Գոնե կգիտենայի, թե որտեղ է նրա գերեզմանը և ամեն անգամ կգնայի կողբայի իմ վիշտը... իսկ այժմ ո՞ւր գնամ ես, ո՞ւր փնտրեմ նրա գերեզմանը։

Մարությանր չկարողացավ դիմանալ կնոջ այդ սրտաճմլիկ խոսքերին և բարձրաձայն հազալով դուրս գնաց շտապով։ Եվան թաշկինակը պինդ սեղմել էր աչքերին, և հեկեկանքը պատռում էր նրա սիրտը։

Օր. Սահակյանը նույնպես լալիս էր։