Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխենն էր միայն, որ, կարծես անտարբեր ու հանգիստ, լսում էր դժբախտ մոր ծանր վշտի խաղաղ արտահայտությունները, նրա առաջ չոքած։ Նրան թվում էր, թե այդ ողբն իր համար է, թե ինքն է այդ ողբի առարկան։ Եվ նա բոլորովին սառն էր ու անզգա, ինչպես մեռելը իր մահը ողբացողի առաջ...

15

Աշխենը քաշվեց իր նախկին սենյակը, որ Եվան առանձին խնամքով պատրաստել էր առաջվա նման։ Օր. Սահակյանն ու Եվան, խիստ անհանգստացած էին նրա տարօրինակ դրությունից, չէին կամենում մենակ թողնել նրան, բայց նա ասաց, որ ուզում է մի քիչ հանգստանալ, որովհետև հոգնած է և գիշերը չի քնել։

Եվ Աշխենը մենակ մնաց։ Նա պառկած մահճակալի վրա, ձեռքերը դրեց գլխի տակ և քարացած աչքերը հառեց առաստաղին։ Նրա դժգույն դեմքը դեռևս պահպանում էր առաջվա խաղաղ արտահայտությունը։ Անակնկալ հարվածը կարծես բոլորովին բթացրել էր նրա զգացումները։ Ամեն ինչ նրա աչքում անշարժացել, սևացել էր, ինչպես սոսկալի հրդեհից հետո ծաղկափթիթ մի անտառ։ Արմենակն այլևս չկար, այդ միևնույն էր, թե հանգել էր այն փարոսը, որ լուսավորում էր իր դժվարին ճանապարհը։ Այժմ ումի՞ց պիտի ստանար այն լույսն ու հույսը, որոնցով առաջնորդվում էր մինչև այժմ։ Փորձության այս տաժանելի ժամին նա ավելի, քան երբևիցե, զգում էր, որ իր նոր սկսած գործունեության մեջ միակ խթանն ու քաջալերողն եղել է այն երիտասարդը, որին նվիրել էր իր կուսական սիրտն անդրանիկ սիրո բոլոր զորությամբ։ Շատ անգամ, երբ գյուղական մռայլ կյանքի մեջ սովոր փափկակեցության ձգտումը պաշարել էր նրան և նա հուսահատված սկսել էր ողբալ իր անձնական դժբախտությունը, վերջ ի վերջո մխիթարվել և քաջալերվել էր միմիայն այն գիտակցությամբ, թե ո՛րքան պիտի ուրախանա Արմենակը, երբ իմանա, թե իր սիրած աղջիկը գործունեության ինչ ասպարեզ է ընտրել։ Եվ նրան նոր ուժ, նոր եռանդ էր տալիս այն հույսը, թե կգա ժամանակ, երբ երկարամյա գործունեությունից