Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգնած-վաստակած երկու սիրող սրտերը դարձյալ կհանդիպեն իրար միևնույն հարկի տակ, ուր երկուսն էլ սնվել ու սիրել են իրար, և պայծառ զգացումներով, կայտառ հոգով կպատմեն իրար, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ է արել։ Նրանք կնայեն իրար առաջվանից ավելի մեծ անձկությամբ, նրանց փոխադարձ սերն ավելի ևս հաստատուն կլինի, սակայն ոչ այնպես աչք կուրացնելու չափ պայծառ և այրելու չափ տաք, ինչպես ամառային արևի ճառագայթները, այլ անդորր ու քնքուշ, ինչպես գարնանային լուսնի լույսը։ Երիտասարդական անդրանիկ սիրո կամովի ճնշված զգացումն այլևս խուլ բողոք չի բարձրացնիլ առաջվա պես, այլ աստծո սեղանի առաջ ողջակեզ գառան նման խոնարհ իր վիճակին՝ կասի. «ա՜խ, այսպես ավելի լավ էս»։ Եվ երբ կգա հրաժեշտի ժամը և կկոչի նրանց նորից ի գործ, նրանք նույն պայծառ զգացումներով, նույն կայտառ հոգով և նոր ուժ, նոր եռանդ ստացած՝ կբաժանվեն իրարից, շարունակելու համար իրենց բարի գործը թշվառների օգտին... Ա՜խ, ցնորքներ, քաղցրի՜կ ցնորքներ... ո՞ւր եք, ո՞ւր թռաք այդպես հանկարծ, այդպես անակնկալ... Նրա առաջ կանգնած է այժմ իրականությունը, դաժան, անողոք իրականությունը. եկավ և իր ահավոր շնչով հօդս ցնդեցրեց հրաշալի երազները, որոնցից դուրս խավարի և մահվան թագավորությունն է... Էլ ինչո՞վ մխիթարվի, ինչո՞վ հուսա, ինչո՞վ նոր եռանդ, նոր ուժ ստանա... Աղբյուրը ցամաքեց, ծաղիկը պիտի թոշնի անջուր, պապակած...

Դուռը զգուշորեն բացվեց, և ներս մտավ Եվան:

Աշխենը անձնատուր եղած իր մտքերին, նայեց նրան այնպիսի հայացքով, որից երևում էր, որ չի տեսնում նրան, հետո մեքենայաբար վեր կացավ և նստեց։

Եվան չոքեց նրա առաջ և առավ նրա ձեռքը։ Երկար ժամանակ արտասվալից աչքերով, անհուն սիրով ու կարեկցությամբ լուռ նայում էր Աշխենի գունատ, անզգայացած դեմքին։

— Այնպե՜ս հասկանում եմ քո վիշտը, քույրիկս,— վերջապես ասաց նա գրեթե շշնջալով, կարծես վախենալով խանգարել րոպեի հանդիսավորությունը։— Ես էլ, երբ անակնկալ կերպով իմացա եղբորս մահը, քեզ պես անզգա էի դարձել,