Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէի իմանում ինչ է պատահում ինձ և արտասուքի ոչ մի կաթիլ չէի կարողանում թափել: Բայց հետո, բայց այժմ և այսուհետև ես միշտ լաց եմ եղել, լալիս եմ և պիտի լամ, քանի որ եղբորս հիշատակը կենդանի կմնա սրտումս։ Ասում են, որ ժամանակն ամենակարող է, որ նա բուժում է բոլոր վըշտերը։ Եթե այդ ճշմարիտ է, եթե, հիրավի, ժամանակն այնպես պիտի անի, որ ես այլևս այսպես չպիտի տանջվեմ եղբորս մահվան համար և պիտի մոռանամ նրան,— ես այդ չէի կամենալ, երբե՛ք, երբե՛ք, որովհետև այդ կնշանակեր, թե եղբայրս միևնույնն է եղել ինձ համար, ինչ-որ մի անշունչ առարկա, մի խաղալիք, որը ձեռքիցս ընկել կոտրվել է, և ես սկզբում ափսոսացել եմ, հետո մոռացել։ Ո՛չ, այդ սարսափելի է, այդ անկարելի է, չեմ ուզում։ Եթե հնարավոր լիներ, որ հավիտյան ապրեի,— սիրով կկրեի սրտիս մեջ այս անտանելի վիշտը, որպեսզի դրանով լիովին արտահայտած լինեի այն զգացումները, որ ես տածել եմ դեպի եղբայրս։ Եղբորս մահից հետո ես այլևս ո՛չ մի ուրախություն չեմ ուզում. այդ սրբապղծություն կլիներ, այդ անարգանք կլիներ նրա հիշատակին։ Իմ ուրախությունն իմ այս վիշտն է, որ հպարտությամբ կրում եմ սրտիս մեջ և կփայփայեմ միշտ, քանի կենդանի եմ...

Մինչդեռ Եվան իրեն հատուկ կրակոտ արտահայտություններով իր վիշտն էր թափում հորեղբոր աղջկա առաջ, Աշխենը նստած էր անշարժ, անթարթ նայում էր նրա արտասվալից աչքերին և թվում էր, թե լսում է նրան առանց որևէ կարեկցության։

Եվան լռեց և կարծես հոգնած, գլուխը դրեց Աշխենի ծնկներին։

— Կարո՞ղ ես պատմել, թե ինչպես է պատահել նրա մահը,— կամաց հարցրեց Աշխենը։

Եվան վեր կացավ, դուրս գնաց և շուտով վերադարձավ Բազենյանից ստացած հեղափոխական թերթը ձեռքին։

— Ահա կարդա,— ասաց նա ցույց տալով եղբոր մահվան վերաբերյալ տեղեկությունը։

Աշխենը թերթն առավ նրա ձեռքից և սկսեց կարդալ լուռ և խիստ ուշադիր։ Կարդալուց հետո ձեռքերը թուլացած ընկան ծնկների վրա, և երկար ժամանակ նստած էր լուռ, գլուխը