— Աշխեն ջան, ինչո՞ւ չես խոսում,— հարցրեց նա այնպես, ինչպես խոսում են ծանր հիվանդների հետ։
Աշխենր նստեց ուղիղ։ նրա աչքերը բացված էին լայն և կենտրոնացած նայում էին անորոշ տարածության մեջ:
— Ի՞նչ խոսեմ,— ասաց նա մեռած ձայնով։
— Ես ի՞նչ գիտեմ։ Գոնե մի կերպ արտահայտիր վիշտդ։
— Ինչպե՞ս արտահայտեմ։ Մազերս փետե՞մ, աղաղակե՞մ, թավալգլո՞ր գամ...
— Չէ, ինչու։ Բայց... ախր դու չափազանց ուրիշ տեսակ ես դարձել... Ես քե՛զ համար եմ ասում, քե՛զ համար եմ հոգում։
Աշխենը նայեց Եվայի աղերսող աչքերին և դառն կերպով ժպտաց։
— Ի՜նձ համար...
— Այո՛։ Ես վախենում եմ, որ այդպես դու կհիվանդանաս։
Աշխենը շարժեց գլուխը։
— Ա՛յ խեղճ, ա՛յ թշվառ, այսուհետև քանի՞ գրոշ արժե իմ կյանքը, որ այդքան հոգում ես։ Մինչև այժմ ես մի պայծառ աստղ ունեի, որ լուսավորում էր ճանապարհս, հանգավ այդ աստղը. այսուհետև դեպի ո՞ւր խարխափեմ... Պայծառ լույսից հետո հանկարծ զարհուրելի խավար է տիրել չորս կողմս... Ես այլևս ոչինչ չեմ տեսնում, ոչի՜նչ... Դեպի ո՞ւր խարխափեմ...
Հանգիստ, հանդիսավոր կերպով արտասանած այդ խոսքերից յուրաքանչյուրի վրա Եվան սարսուռ էր զգում իր ամբողջ մարմնի մեջ։ Նա տեսավ, որ միևնույն հեղաշրջումը, որ կատարվել էր իր, կատարվում է և Աշխենի մեջ։ Եվ այժմ միայն զգաց, թե որքան սարսափելի բան էր այդ։
— Այդ դո՞ւ ես ասում, Աշխեն,— շշնջաց նա, սարսափահար թեքվելով դեպի նրա դեմքը։
Աշխենը, պատասխանելու տեղ, նորից խոնարհվեց ծնկների վրա, դեմքն առավ ձեռքերի մեջ, և նրա ուսերն ու մեջքը սաստիկ ցնցվեցին։
Եվան մի ձեռքով գրկեց նրա իրանը, մյուս ձեռքով՝ գլուխը և շրթունքները սեղմեց նրա բարակ նիհար վզին։