Կարեկցության և ողջագուրանքի այդ լուռ արտահայտությունից Աշխենն այլևս չկարողացավ զսպել խեղդող հեկեկանքը։ Նա սկսեց լալ ծանր և ուժգին. լալիս էր տղամարդի պես, քարե արտասուքներով։
16
Աշխենր գրեթե ամենևին դուրս չէր գալիս իր սենյակից։ ԹԵև ճաշի և ընթրիքի ժամանակ միայն, երբ նրան հրավիրում էին սեղանատուն, դուրս էր գնում հանդարտ քայլերով, ցույց էր տալիս, թե ուտում, խմում է, բայց իսկապես ոչինչ չէր ուտում, ոչինչ չէր խմում և նորից փակվում էր իր սենյակում։ Եվ այդ բոլոր ժամանակ լուռ էր ձկան պես։ Մինչև որ բան չէին հարցնում, ինքն ամենևին չէր խոսում։ Նրա դեմքն այնքան անշարժացել, քարացել էր, որ թվում էր, թե այլևս ոչ մտածում է, ոչ էլ զգում։ Օր. Սահակյանն ամեն օր այցելում էր նրան և ամեն անգամ հեռանում էր խիստ մտահոգ դրության մեջ։ Պակաս մտահոգ դրության մեջ չէր նաև Մարությանը, որին խիստ ազդել էր եղբոր աղջկա վիշտը։ Նույնիսկ Թեկլեն, մոռանալով իր դրությունը, ամեն անգամ հոգացողությամբ հարցնում էր Աշխենին, թե ինչո՞ւ է այդպես, հիվանդ խո չէ՞։ Իսկ Եվան պարզապես հուսահատված էր։ Ոչինչ այնքան չէր վախեցնում նրան, որքան Աշխենի տարօրինակ հանգստությունը և լռությունը։ Պատահում էր երբեմն, որ ինքը մինչև անգամ ամբողջ ժամերով խոսում էր հորեղբոր աղջկա հետ և Աշխենի բերանից գրեթե ոչ մի ձայն, ոչ մի շշուկ չէր լսում։ Նրա սիրտը ճաքում էր, նա ընկնում էր Աշխենի ոտները, արտասվալից աչքերով աղաչում-պաղատում էր, որ ձայն հանի, բան ասի։ «Ի՞նչ ասեմ, Եվա»,— այդ էր լինում Աշխենի պատասխանը։
Եվան իր մահճակալը տեղափոխել էր Աշխենի սենյակը, որպեսզի գիշերները նրան մենակ թողած չլինի։ Ամեն գիշեր, երբ բարի գիշեր մաղթելով, ցույց էր տալիս, թե քնում է, վերմակի տակից երկար դիտում էր Աշխենին և տեսնում էր, որ նա, անշարժ պառկած, վշտահար կենտրոնացած հայացքով անթարթ նայում է անորոշ տարածության մեջ։ Երբ այնուհետև, առավոտները, Եվան նայում էր նրան,