Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեռներ նման գործի համար, նման պարագաներում, ինչպես Արմենակը...

Մի գիշեր, երբ Եվան, իր մահճակալի վրա պառկած, գաղտագողի կերպով դիտում էր Աշխենին և անձնատուր էր եղել այդպիսի մտածմունքների, տեսավ, որ Աշխենը վեր կացավ անկողնից, մոտեցավ իր մահճակալին և խոնարհվեց իր դեմքի վրա։ Նա, վախեցած, վերմակը ետ քաշեց գլխից և նայեց հորեղբոր աղջկա աչքերին։

— Դու քնած չե՞ս, Եվա,— հարցրեց Աշխենը։

— Չէ։

— Թո՞ւյլ կտաս մոտդ պառկեմ։

Եվան լուռ տեղ տվեց նրան իր մահճակալի վրա։

Աշխենը պառկեց և գրկեց նրան։

— Հիշո՞ւմ ես, Եվա, վերջին նամակս,— հարցրեց նա։

— Հիշում եմ։

— Գրել էի, թե, որ վերադառնամ, այսպես միասին պիտի քնենք, այսպես գրկած։ Հիշո՞ւմ ես։

— Ինչպես չէ։

Աշխենը մի շատ թույլ թառանչ քաշեց։

— Որ գիտենաս, Եվա, ինչքան ուրախ էի այդ նամակը գրելիս... Կամա-ակամա հավատում ես մեր պառավների այն նախապաշարմունքին, որ ասում է, թե՝ խիստ ուրախացողը շուտ կտխրի։ Երեխան, որ շատ է ծիծաղում, ասում են՝ լացի հոտ է գալիս։ Միակ երջանկությունը, իրական, շոշափելի երջանկությունն ինձ համար այն պիտի լիներ, որ նորից պիտի տեսնեի քեզ, հայրիկին, մայրիկին, Սուրենին, Վարոյին։ Ահա քանի օր է եկել եմ և տեսնում եմ ձեզ, բայց ո՞ւր է այն երջանկությունը, որ պիտի վայելեի, ո՞ւր է այն երջանկությունն այն րոպեից թունավորվեց, ես այն րոպեից սպանվեցի, երբ երկաթուղու կայարանում չտեսա ձեզնից ոչ ոքի։ Վարոն որ ասաց, թե չեք եկել, ինձ այնպես թվաց, թե մինչև այդ ժամանակ թռչում էի օդի մեջ, թեթև, ծտի պես, բայց հանկարծ թևերս կոտրեցին, և ես ցած ընկա... Այժմ, երբ անցել են սարսափելի հարվածի առաջին օրերը, և ես կարծեմ մի խոր թմրությունից ուշքի եմ եկել, գիտե՞ս ում մասին եմ մտածում։ Մտածում եմ ձեր մասին — հայրիկի մասին, մայրիկի մասին, քո մասին, Եվա ջան։ Այսօր