առաջին անգամ սարսափեցի, որ նայեցի մայրիկին. որքա՜ն նիհարել է, որքա՜ն ցամաքել։ Իսկ հայրիկը... ո՞ւր է նրա այն մշտական զվարթությունը, նրա այն վարակիչ աշխույժն ու եռանդը։ Իսկ դո՛ւ, դո՛ւ, Եվա ջան... ո՞ւր է, ինչու այլևս չի հնչում քո արծաթահնչուն ծիծաղը... Այս ի՞նչ է պատահել ձեզ։ Մի՞թե ձեզ էլ, մանավանդ քեզ, Եվա ջան, վիճակված է ինձ նման չորացած մի ծառ դառնալ, կենսունակության բոլոր հյութից զրկված։ Այդ սոսկալի՜ է... Երբեք իմ օրինակը թող խրախուսանք չլինի քեզ համար, երբե՛ք։ Հիշո՞ւմ ես այն խոսքերը, որ ասացիր ինձ գյուղ գնալուս օրը. «Օ՜, աստված չանե,— ասացիր, որ երբևիցե չոր ուղեղն իշխե իմ մեջ։ Ամենամեծ դժբախտությունն ինձ համար այն օրը կլինի,— ասացիր,— երբ ես դադարեմ սրտով մտածելուց»։ Սրտով մտածելուց... Մի՛ մոռանար, Եվա, այդ հրաշալի խոսքերը և լաց եղիր, աղաղակիր, բողոքիր նույնիսկ իրեն աստծու դեմ, բայց երբե՛ք, երբե՛ք մի զսպիր քեզ ինձ պես և ինձ նման մի ասի՛ր ի՜նչ օգուտ դրանից։ Այդ մահ է, ավելի վատ, քան մահը։ Պարզ օրինակն աչքիդ առաջն եմ։ Սիրտս լցված է թույնով, վշտից քիչ է մնում խելագարվեմ. ուզում եմ գժի նման աղաղակել, ուզում եմ բարձրաձայն անիծել և հայհոյել ամենքին և ամեն ինչ, բայց սառն դատողությունս,— օ՜, այս գարշելի սառն դատողությունը, այս չոր ուղեղը,— ասում է ինձ՝ «ի՞նչ օգուտ դրանից»։ Բայց և ի՞նչ օգուտ այս սառն դատողությունից, այս չոր ուղեղից։ Մի՞թե, որ զսպում եմ ինձ, որ սառն դատողությամբ ավելորդ բան եմ համարում հուսահատական աղաղակներ բարձրացնելը, տրտնջալը, բողոքելը.— մի՞թե այդպիսով չեմ տանջվում կամ պակաս եմ տանջվում։ Ընդհակառակը։ Ամեն անգամ, երբ արտասուքս գալիս, բռնում է բուկս, երբ անդիմադրելի պահանջ եմ զգում լաց լինելու, վշտից և հուսահատությունից մազերս փետելու և, սառն դատողությանս հետևելով, զսպում եմ ինձ,— ես միևնույն տանջանքն եմ զգում, ինչ տանջանք որ կզգար ծարավից պապակվող այն մարդը, որ ջրի տեղ հալած արճիճ խմեր։ Մինչև այժմ ինքս ինձ պարծեցել եմ նրանով, թե իմ մեջ զարգացրել եմ ասկետական համբերության այնպիսի աննկուն մի ուժ, որով կարող եմ հաղթահարել ամեն բանի.
Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/386
Արտաքին տեսք