եթե ոչ մի եզվիտ, մի խաբեբա, ամենաստորին տեսակի մի աֆերիստ, որի համար ամեն ինչ լավ է և ազնիվ, բացի լավից և ազնիվից, որի համար ամեն ինչ սուրբ է, բացի սրությունից։ Այդ միևնույնը զգացի ես և զգում եմ դեռ այս րոպեիս էլ։ Սիրել և հանկարծ ատել նրան, ում սիրում էիր, գարշել նրանից,— չէ՞ որ այդ վիճակի մեջ կարելի է խելագարվել։ Եվ երբ մտածում եմ, որ եղբորս այնտեղ սպանեցին չարաչար, իսկ սա շրջում է այստեղ անհոգ ու երջանիկ, միամիտներին խաբելով այն գործի անունով, որի համար զոհվեց եղբայրս... Ասում ես՝ բողոքիր։ Քեզ պես եմ ուզում բողոքել։ Բայց ո՞ւմ դեմ, ասա՛, ո՞ւմ դեմ։ Ցույց տուր, ասա՛, ո՞վ է այս անարդարության տնօրինողը, շոշափելի կերպով դիր դրան իմ առաջ, և կտեսնես, թե ինչպիսի զայրույթով սրտիս բոլոր մաղձը կթափեմ նրա վրա։ Չկա, չես կարող։ Իսկ լոկ երևակայությամբ ստեղծել այսպիսի բոլոր անարդարությունների մի սկզբնապատճառ,— այդ թե՛ շատ քիչ է և թե՛ դրա վրա չես կարող զայրույթդ թափել։ Շոշափելի մարմին եմ ուզում ես, մի մարմին, որ երևար աչքիս առաջ իբրև նյութ, որպեսզի անզուսպ ցասումով ապտակ տայի երեսին և ասեի՝ դու անարդար ես, դու իրավունք չունիս այդպես վարվելու... ա՛խ, քույրիկ, որ իմանաս, թե երբեմն ինչ սոսկալի մտքեր են անցնում գլխովս... Գիտես, թե ինչ անգութ կերպով ենք վարվում մենք, մարդիկս, անասունների հետ. մենք ծեծում ենք շներին, մենք տանջում ենք ձիերին, մենք հրացանի գնդակով գետին ենք տապալում օդում իր համար ազատ թռչող թռչունը, մորթում ենք դեռ երեկ ծնված գառը և կարծես թե, որովհետև այդ բոլորը մենք կարողանում ենք անել, այդ մեր իրավունքն է, և խիղճը չի տանջում մեզ։ Ինձ թվում է, թե մենք, մարդիկս էլ, նույն այդ անկար անասունների դերն ենք խաղում մեզ անհասկանալի մի էակի ձեռքի, որ ամենաանգութ կերպով տանջում, չարչարում է մեզ, որովհետև կարողանում է։ Ու թպրտում ենք նրա ձեռքին, թպրտում իզուր, ինչպես հավը դանակի տակ, և ազատում չկա մեզ,— երբե՛ք հավիտյան... Ո՞վ է նա, ի՞նչ է նա, ո՞ւր է նա,— ինչո՞ւ չգիտենք և ինչո՞ւ չպիտի կարողանանք մեր վրեժը լուծել...
Աշխենը, որ այս անգամ պարզապես սարսափով էր