Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդպիսով նրա կյանքը նորից սկսեց մտնել իր հին, առանձնակի, դանդաղ ընթացքի մեջ, երբ մի օր փողոցում հանդիպեց Մարությանին։

Իրար հետ ծանոթանալու օրից այդ առաջին անգամն էր, որ նրանք հանդիպում էին իրար։ Մարությանը կշտամբեց նրան, որ նա չի կատարել իր խոստումը և չի այցելել իրենց: Շահյանն արդարացավ նրանով, որ ասաց, թե սաստիկ զբաղված էր, ժամանակ չէր գտնում այցելելու և խոստացավ, որ մոտ օրերում անպատճառ կայցելի։

Այս անգամ էլ փոքրիշատե համարձակություն ստացավ վճռեց, որ հետևյալ օրն անպատճառ գնա Մարությանների տուն։ Սակայն հետևյալ օրն ավելի լավ համարեց իր այցը հետաձգել մյուս օրվան։ Մյուս օրն էլ հետաձգեց երրորդ օրվան, ամեն անգամ մի պատճառ հնարելով, իր սովորական անհամարձակությունն արդարացնելու համար իր աչքում։

Այսպիսով գլորվեցին, անցան դարձյալ մի քանի օրեր, և նա դեռ գնում էր Մարությանների տուն։ Վերջապես, մի երեկո, ուղղակի ամոթից, և ոչ թե համարձակություն ստանալուց, հազիվհազ, հազար ու մի նախատինք թափելով իր գլխին, վճռեց գնալ և ճիշտ որ գնաց։

Կառք նստած, նոր էր մտել Մարությանների փողոցը, երբ հանկարծ աչքով ընկավ Մարությանի եղբոր աղջիկը: Ձեռքերը՝ սև, հասարակ վերարկուի գրպանները կոխած, Աշխենը մայթի վրայով գնում էր հակառակ կողմը։ Շահյանը շտապով վերցրեց գլխարկը և գլուխ տվեց նրան։ Աշխենը կանգ առավ, զարմացած նայեց նրա կառքի ետևից և, երբ կառքը հեռացավ, շարունակեց իր ճանապարհը։

«Չճանաչեց»,— մտածեց Շահյանը, այդպիսի դեպքերում սովորական անհամ դրության մեջ զգալով իրեն։

Երբ կառքը կանգ առավ Մարությանների տան առաջ, Շահյանն ինքն էլ զարմացավ, թե ինչպիսի համարձակությամբ ցած թռավ, փողը դրեց կառապանի բուռը և ամուր սեղմեց էլեկտրական զանգակի կոճակը։ Ճանապարհին և այժմ, երբ սպասում էր, որ դուռը բանան, նա մտածում էր, թե ինչ բառերով պիտի դիմավորի Մարությանին, նրա կնոջը և աղջկան և ինչով պիտի արդարացնի իր այցելության հետաձգումը։