Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ էիր գրում։

— Գրում էի, որ մի-երկու շաբաթ կուշանամ։

— Ինչո՞ւ։

— Որովհետև չի կարելի խո սրանց այսպես թողնել։

«Սրանց» բառն արտասանելիս Աշխենը ցույց տվեց հարևան սենյակի դուռը, դրանով հասկացնել ուզելով, թե խոսում է հորեղբոր ընտանիքի մասին։

— Նոր եմ տեսնում, թե ինչ սոսկալի փոփոխություն է կատարվել այստեղ։ Հորեղբորս որ նայում եմ, ուղղակի չեմ ճանաչում։ Էլ չեմ խոսում նրա կնոջ մասին։ Իսկ Եվան... Իսկապես Եվայի համար է, որ ուզում եմ մնալ։ Մենակ թողնել նրան այս մեռելության, այս վշտի մեջ — նշանակում է թողնել, որ նա... Չեմ իմանում, ճշմարիտ, ինչ կպատահի նրան,— այնքան վտանգավոր ընթացք են ստացել նրա մտածմունքները։ Երեկ գիշեր մենք երկար խոսում էինք. պարզապես չէի հավատում ականջներիս, թե ինձ հետ խոսողը Եվան է, իմ ճանաչած կենսաթրթիռ Եվան... Կմնամ, անպատճառ կմնամ մի-երկու շաբաթ ավելի — և մինչև անգամ մտածում եմ, որ ինձ հետ գյուղը տանեմ նրան։ Համենայն դեպս, մենակ թողնել նրան այստեղ անկարելի է։

— Դու նրա մասին ես հոգում, իսկ նա՝ քո մասին։ Այդպես էլ պետք է. դուք կփրկեք իրար։

Այդ միջոցին մտավ Եվան։

— Արի, արի այստեղ, այս րոպեիս քո մասին էինք խոսում,— ասաց օր. Սահակյանը։

Եվան հարցական հայացքով նախ նայեց նրան, հետո Աշխենին։ Աշխենը գլխով արեց նրան և ժպտաց քնքուշ սիրո ժպիտով։ Այդ ժպիտը խիստ զվարթացրեց Եվային։

— Բամբասո՞ւմ էիք ինձ,— հարցրեց նա։

— Իհարկե, բամբասում։ Աշխենը ասում էր, որ մտածմունքներդ ինչ-որ վտանգավոր ընթացք են ստացել. բայց կարծեմ, դու այնքան խելոք աղջիկ ես, որ...

— Իմ խելքը մի կողմ թող, Վարո, և ինձ այս ասա. թողնե՞մ, որ Աշխենը մի-երկու շաբաթ ավելի մնա ինձ մոտ։

— Ի՞նչ է, մի՞թե չես ուզում։

— Չեմ ուզում,— բացականչեց Եվան և գրկեց Աշխենի գլուխը։— Ես կուզեի մինչև անգամ փեշս փեշիցը կարել, որ