երբեք չհեռանա ինձնից, բայց այդ զոհաբերությունն անել ինձ համար ի վնաս գործի...
— Բայց գիտե՞ս, Եվա ջան, Մինասյանն այստեղ է,— ասաց Աշխենը։
— Մի՞թե։ Ո՞վ ասաց։
— Վարոյի մոտ է եղել երեկ երեկո։
— Հա՞-ա։ Հետո՞, ինչո՞ւ չի գալիս մեզ մոտ։
— Երևի կգա,— ասաց օր. Սահակյանը։— Բայց զարմանալի մարդ է. գիտեմ, որ աղքատ է, իսկ հյուրանոցներում կողոպտում են. խնդրեցի, որ գա մեր տանը մնա, չկամեցավ։
— Ուո՜ւ, ի՜նչ լավ բան ասացիր,— բացականչեց Եվան:— Գիտե՞ս ինչ կա, Աշխեն. արի հրավիրենք, որ մեր տանը մնա. ազատ տեղ խո շատ ունինք։ Հը՞, ի՞նչ ես կարծում, լավ միտք չէ՞։
— Չի գալ,— ասաց օր. Սահակյանը։
— Չի գալ,— պնդեց Աշխենը։
— Կգա՛։ Հայրիկիս կասեմ, որ բերի։ Սպասեցեք։— Եվան դուրս վազեց և մի երկու րոպե չանցած ներս բերեց հորը։
— Հայրիկ, խոսք տուր սրանց մոտ, որ Մինասյանին կհրավիրես մեր տուն։
— Որտե՞ղ է իջած, ասացեք, ես իսկույն կգնամ նրա մոտ,— ասաց Մարությանը։
— Չի գալ, պարոն Մարության,— ասաց օր. Սահակյանը։— Մեր տանն ավելի համարձակությամբ կմնար. բայց վճռապես մերմեց։
— Այդ ե՛ս գիտեմ։ Դուք ինձ ասացեք որտեղ է իջած։
— «Ֆրանսիա» հյուրանոցում։
— Այս րոպեիս գնում եմ նրա մոտ։ Իսկ դուք գրազ եկեք՝ կբերե՞մ, թե ոչ։
— Նա կգա, իհարկե, այցելության,— ծիծաղեց օր. Սահակյանը։
— Չէ՛, կբերեմ իր իրեղեններով,— վրա բերեց Մարությանը և շտապով դուրս գնաց։
Նա անմիջապես դիմեց դեպի «Ֆրանսիա» հյուրանոց։ Չափազանց ուրախ էր, ուրախ այն պատճառով, որ աղջկան