չեմ ընկճվում, թեև ասում եք, որ ինձ այսպես ծերացած չեք տեսել երեք ամիս առաջ։ Երե՜ք ամիս առաջ... Մի՞թե կարծում եք, որ երեք ամիսը կարճ ժամանակ է ծերանալու համար։ Ծերանալ կարելի է մի օրում, մի ժամում, մի րոպեում։ Եվ եթե ձեզ ասեմ, որ ես ծերացա մի րոպեում, թերևս չհավատաք։
— Խնդրում եմ, պարոն Մարության, այդ մի ասեք,— վրա բերեց Մինասյանը եռանդով։— Ես լիովին հասկանում եմ ձեր դրությունը և...
— Ինչևիցե, ինչևիցե, այդ թողնենք։ Ես դրա համար չեմ եկել։ Ես եկել եմ ձեզ հանդիմանելու, որ ուղղակի մեր տուն չեք իջել։ Մենք պարզ ընտանիք ենք. մեզնից խորշելու ամենևին հարկ չկա, մանավանդ որ ձեր վարժուհին մեր աղջիկն է։ Խնդրում եմ, վեր կացեք գնանք։
Մինասյանն ուզում էր հրաժարվել, բայց Մարությանը լսել անգամ չկամեցավ։
— Մի՛թե կարելի է այսպիսի ցուրտ սենյակում ապրել,— բացականչեց նա։— Ահա դուք մինչև անգամ թեյ խմելիս ստիպված եք վերարկուով նստել։ Ես էլ վերարկուս չեմ հանում, որովհետև սարսափելի ցուրտ է այստեղ։ Խնդրեմ, վերջացրեք ձեր թեյը, և մենք իսկույն կհավաքենք ձեր ունեցած-չունեցածը ու կգնանք մեր տուն։ Փառք աստծո, ազատ տեղ ունինք։ Ի նկատի ունեցեք, որ ես իսկապես հատուկ պատգամավոր եմ ուղարկված մերոնց կողմից։ Օր. Սահակյանն էլ այս րոպեիս մեր տանն է։ Ես ուզում եմ, որ այս տոներին ձեր միջոցով մի քիչ կենդանություն մտնի մեր տուն, թե չէ վիշտը մեզ ամենիս էլ սպանում է։ Դե, շուտ արեք, ես սպասում եմ։
Ճար չկար։ Մինասյանը հավաքեց իր ունեցած-չունեցածը, որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ իր ջարդված ճամպրուկն ու յափնջին, և կես ժամից հետո Մարությանը նրան իրենց տուն էր տանում կառքով։
Եվան, Աշխենը և օր. Սահակյանը հավաքված էին Թեկլեի մոտ, երբ Մարությանը հաղթական կերպով ներս տարավ Մինասյանին։ Ընդունելությունը շատ սիրալիր էր, բայց ընդհանուր տրամադրությունն առժամանակ խանգարեց Թեկլեն, որը, Մինասյանի մխիթարական խոսքեր ասած ժամանակ,