Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

18

Նոր տարու առաջին օրը Մինասյանը պատրաստվեց այցելություն տալու քաղաքում ունեցած իր բարեկամներին։ Ամենից առաջ գնաց Շահյանի մոտ։ Առավոտյան ժամը 11-ի մոտերքն էր։ Նրան ընդունեց Շահյանի մայրը։ Ամուսնու մահից հետո Թամարը բոլորովին պառավել էր, թեև տարիքով համեմատաբար ջահել կին էր։ Խորշոմներով ծածկված նրա բարի, փափուկ դեմքն այս անգամ ավելի, քան երբեք, կրում էր մշտական թախիծի կնիքը։ Մինասյանին որ տեսավ, չափազանց ուրախացավ, հետո սկսեց լաց լինել և գանգատվել իր վիճակից. ասաց, որ իր որդու դրությունը մեծ անհանգստություն է պատճառում իրեն. Լևոնը բոլորովին փոխվել է, ոչ ուտում է, ոչ խմում, ոչ խոսում, սենյակից ամենևին դուրս չի գալիս, սարսափելի բարկանում է, երբ մեկն անհանգստացնում է իրեն, իսկ բժիշկ անունը լսել անգամ չի կամենում։ Վերջը խեղճ պառավը թախանձագին աղաչեց Մինասյանին, որ իր ազդեցությունը գործ դնի Լևոնի վրա, իմանա նրա ցավը, որպեսզի կարելի լինի մի ճար անել։

Չնայելով որ Մինասյանը նախապատրաստված էր, թե ինչ դրության մեջ պիտի գտներ Շահյանին, այնուամենայնիվ, երբ մտավ նրա սենյակը, ակամա կանգ առավ դռների մոտ ապշած։

Շահյանը նստած էր բազկաթոռի վրա, գլուխը ետ էր ձգել բազկաթոռի թիկունքին և ոտները դրել էր առջևը գտնված մի աթոռի վրա, այնպես որ գլուխն ու ոտների ծայրերը գրեթե հավասար բարձրության վրա էին գտնվում։ Հագած էր իր տնային սովորական խալաթը, որ առջևից բոլորովին բաց էր և որի փեշերը փռվել էին հատակի վրա, արծվի կոտրատված թևերի պես։ Խալաթի տակ, բացի շապիկից և վարտիքից, ուրիշ բան չուներ հագած։ Ոտները մերկ էին և նրանց ծայրերից կախված էին փափուկ մաշիկները։ Մազերը խիստ երկար էին և չէին սանրված, աչքերը, որոնց վրա չէր կրում սովորական ակնոցը, ուռած, կարմրած և պատած էին կես-կապտավուն, կես֊սևագույն շրջանակներով, դեմքը գաջի գույն էր ստացել և խիստ լղարել։ Թվում էր, թե նոր էր վեր կացել