Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անկողնից խիստ անհանգիստ քնից հետո և դեո ժամանակ չի ունեցել ոչ լվացվելու, ոչ հագնվելու։

Մինասյանը կարծում էր, թե իր առաջ տեսնում է ոչ թե Շահյանին, այլ նրա ուրվականը, և երկար ժամանակ կանգնած էր դռների մոտ լուռ ու ապշած այն տարօրինակ փոփոխությունից, որ տեսնում էր ընկերոջ մոտ։

Շահյանը ոտները կամաց ցած դրեց աթոռից, այնքան զգուշորեն, որ ծայրերից կախված մաշիկները մնան ոտներին, հետո նստեց ուղիղ և նայեց Մինասյանին լուռ ու երկարատև, կարծես չկարողանալով իսկույն ճանաչել նրան։ Այնուհետև, երբ Մինասյանը մոտեցավ նրան, նա վեր կացավ դանդաղորեն և մեքենայաբար սկսեց կապել խալաթի ծոպերը։

— Լևոն, այդ դու ե՞ս,— հարցրեց Մինասյանը, այս անգամ ավելի ապշած նրա տարօրինակ համառ հայացքից, քան թե նրա ընդհանուր արտաքինից։

Շահյանը չպատասխանեց։ Նայում էր Մինասյանի աչքերին և շարունակում էր մեքենայաբար կապել խալաթի ծոպերը։

— Ի՞նչ ես այդպես նայում, չե՞ս ճանաչում,— բացականչեց Մինասյանը։

— Ինչպես չէ,— կամաց արտասանեց Շահյանը, սակայն դեռևս շարունակելով նայել նրան իր տարօրինակ համառ հայացքով։

— Դե, որ ճանաչում ես, ինչո՞ւ ես ինձ այդպես խոր նայում։

— Որովհետև... չէի սպասում,— պատասխանեց Շահյանը և նստեց բազկաթոռի վրա ծանր ու դանդաղորեն, երկար ժամանակ ոտի վրա մնալու անկարող հիվանդի նման։ Ձայնն էլ հնչում էր թույլ ու խուլ, ինչպես հիվանդներինը։— Նստիր, ինչո՞ւ չես նստում,— ավելացրեց նա, իր առջև դրված աթոռը ցույց տալով։

Մինասյանը նստեց։

— Լևոն, այդ ի՞նչ է դրությունդ։ Շատ ծանր հիվանդի տպավորություն ես գործում: Ի՞նչ է հիվանդությունդ:

— Չգիաեմ։

— Ցավ չե՞ս զգում։ Չե՞ս հազում։