Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ամենևին։ Միայն ընդհանուր թուլություն եմ զգում։ Հետո, գլուխս ծանր է շարունակ և սիրտս կանոնավոր չի խփում։

— Եվ չես բժշկվում։

— Ոչ:

— Ինչո՞ւ։

— Որովհետև չեմ ուզում։

— Որովհետև հիմար ես, չնեղանաս, խնդրեմ,— վրա բերեց Մինասյանը մտերմական կշտամբանքով։— Զոռով ես ուզում մեռնել, ինչ է։

Շահյանը չպատասխանեց։ Նստած էր փալասի պես թույլ, գլուխը կրծքին կախած:

— Նո՞ր ես վեր կացել,— շարունակեց Մինասյանն իր հարցուփորձը։

— Ոչ:

— Հապա ինչո՞ւ մինչև այժմ հագնված չես։

— Ինչի՞ համար հագնվեմ։

— Ինչպե՞ս թե ինչի համար։ Հապա ամբողջ օրն այդպե՞ս ես մնում,— խալաթով և առանց երեսդ լվանալու։

— Ամբողջ օրը և ամեն օր։

— Բայց այսօր մարդ կարող է գալ մոտդ։

— Ի՞նչ մարդ։ Ինչի՞ համար։

— Նոր տարին շնորհավորելու համար։

— Ի՞նչ նոր տարի։

— Այ, տնաշեն, բաս այսօր հունվարի մեկը չէ՞։

— Հունվարի մեկը՞... Չգիտեմ, շատ կարելի է։

Մինասյանի զարմանքն իր գագաթնակետին հասավ։ Աթոռը մոտ քաշեց և, նայելով Շահյանի հանգած աչքերին, առավ նրա ձեռքը։

— Լսիր, Լևոն, դու քեզ ապուշ ես ձևացնո՞ւմ, թե իսկապես ոչինչ չես հասկանում։ Ինչպե՞ս թե չգիտես, որ այսօր Նոր տարի է։

— Ես չեմ հետաքրքրվում այդպիսի բաներով,— ասաց Շահյանր, ձեռքը խլելով նրա ձեռքի միջից, և նստած տեղը ետ գլորեց իր բազկաթոռը։ Ըստ երևույթին սկսել էր գրգռվել Մինասյանի հարցուփորձից։