Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հետո՞։ Ի՞նչ կասես։

Շահյանը գլուխն արագ բարձրացրեց և նայեց Մինասյանին այնպիսի մի հայացքով, որից երևում էր, որ մի միտք հանկարծ կենդանություն տվեց նրան։ Մի րոպե, լուռ ու կենտրոնացած, նայեց Մինասյանի աչքերին, ըստ երևույթին զբաղված այն մտքով, որ հենց նոր էր ծագել իր գլխում, հետո ասաց.

— Պատասխանս կստանաս գրավոր...

— Ինչպե՞ս թե գրավոր,— զարմացավ Մինասյանը։

— Գրավոր,— կրկնեց Շահյանը, կարծես ինքն իրեն, և նրա կենտրոնացած հայացքն ավելի կենդանություն ստացավ։

— Ես քեզ չեմ հասկանում։ Այսինքն պատասխանդ կգրես թղթի վրա և ի՞նձ կտաս։ Ա՞յդ ես ուզում ասել։

— Այո։

— Բայց ինչո՞ւ ախր։ Լեզու չունի՞ս ինչ է։ Թե՞ ես խուլ եմ։

— Այո՛, ես լեզու չունիմ. և դուք էլ խուլ եք...

— «Դուք»։ Ո՞վ է այդ «դուք»-ը։

— Դուք, ամենքդ... Միայն դու չես, որ ասում ես ինձ այդ բաները. ուրիշներն էլ կան... կային։ Եվ ես պետք է պատասխանեմ ամենքիդ... միանգամից։ Եվ կպատասխանեմ... Եվ կտեսնեք, որ ճշմարիտը ես եմ... ես եմ...

Շահյանը վեր կացավ և սկսեց անցուդարձ անել սենյակում արագ և այնքան հուզված, որ Մինասյանին թվաց, թե հանկարծ մի հրաշք կատարվեց իր աչքի առաջ — մեռելը հարություն առավ։ Սակայն այդ ամենը երկար չտևեց. Շահյանի աչքերի մեջ բռնկած կրակը հանգավ արագորեն, նա կարծես թե հոգնեց անսովոր արագ քայլելուց և գնաց նստեց մահճակալի վրա, որ չափազանց անկարգ դրության մեջ էր։ Նստեց, խոնարհվեց ծնկների վրա և գլուխը առավ ձեռքերի մեջ։

Մինասյանր վեր կացավ, մոտեցավ նրան և ձեռքը դրեց նրա ուսին։

— Լևոն, եկ քո բժիշկն ես դառնամ,— ասաց նա այնպես, ինչպես խոսում են ծանր հիվանդների հետ, քաջալերական տոնով և թեթև կատակով։— Եթե մի քանի օրում քեզ նախկին Լևոնը չշինեմ, նախկին Լևոնից էլ ավելի լավ