Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լևոն, առողջ ու կենսուրախ մի Լևոն — ի՛նչ ուզում ես՝ ասա։ Համաձա՞յն ես։

Շահյանը չպատասխանեց։ Վեր կացավ և գնաց նստեց իր նախկին տեղը, բազկաթոռի վրա։ Ըստ երևույթին, ուզում էր հեռու մնալ Մինասյանից։ Սակայն Մինասյանը հետևեց նրան և այս անգամ գրկեց նրա ուսը։

— Բժշկությունը կսկսեմ հենց այսօրվանից,— ասաց նա։— Դրա համար հարկ կլինի, որ այժմ վեր կենաս, լվացվես, հագնվես, ինչպես կարգն է, և միասին դուրս գնանք։ Այսօր Նոր տարի է, այցելությունների օր է։ Ամենից առաջ կգնանք Մարությանների մոտ. դա այնպիսի մի հրաշալի ընտանիք է, որի մեջ մի ժամ ժամանակ անցնելն ի՛նչ ասես՝ արժե։ Ի դեպ. լսե՞լ ես նրանց որդու մահը։

Շահյանը ցնցվեց և նայեց Մինասյանի աչքերին կարծես վախեցած։

— Մա՞հը,— հարցրեց նա, ըստ երևույթին առանձին ուշադրություն դարձնելով այդ բառի վրա, սակայն առանց այդ գաղափարը կապելու Մարությանի որդու հետ։— Մահը լավ բան է,— արտասանեց նա, և մի վայրկյան նրա աչքերը վառվեցին ինչ-որ տարօրինակ փայլով։

— Այո՛, մահը լավ բան է, Լևոն, երբ մարդ մեռնում է լավ գործի համար, վսեմ նպատակի համար, ինչպես Մարությանի որդին։

— Մահվան նպատակը ինքը մահը պետք է լինի,— նկատեց Շահյանն այս անգամ փիլիսոփայական հանգստությամբ։

— Հիմարություններ մի դուրս տուր և վեր կաց գնանք,— ասաց Մինասյանը կամաց խփելով նրա մեջքին։— Ես կարծում եմ, որ դեռևս արյուն կա մեջդ և այդ արյունը կարելի է տաքացնել։ Իսկ երբ որ կծերանանք, ես էլ կմիանամ քեզ հետ և միասին այնպիսի խոր փիլիսոփայությունների մեջ կմտնենք մահվան մասին, որ Շոպենհաուերի ոսկորները գերեզմանի մեջ պար կգան ուրախությունից։ Մարությաններն երեկ շատ էին հետաքրքրվում քեզնով և խնդրեցին, որ անպատճառ տանեմ քեզ իրենց մոտ։ Հա՛, գիտե՞ս ինչ կա, Լևոն. արի քեզ ամուսնացնենք Մարությանի աղջկա հետ. նա հրաշալի աղջիկ է և այնպիսի երջանկություն կտա քեզ, որ Շոպենհաուերն