Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ չի կարող խոստանալ նիրվանայի մեջ: Ա՛յ լավ միտք։ Վեր կաց, վեր կաց։

Շահյանը վեր կենալու տեղ մի թառանչ քաշեց և խոնարհվեց ծնկների վրա։

— Կինը սոսկալի բան է,— ասաց նա։— Աստված նրան պատիժ է ստեղծել մարդկության համար։ Նա դառն հաբ է շաքարի կեղևի մեջ։ Կնոջ մարմինը... Ի՞նչ բան է կնոջ մարմինը։ Ըստ երևույթին, ոչինչ. մարմին է, ինչպես մեր մարմինը.— ոսկորներ, միս և կաշի։ Բայց ի՞նչ կա նրա մեջ, այն ի՞նչ դև է թաքնված նրա մեջ, որ դուրս է սողում այնտեղից, մտնում է մարդու արյունը... Օ՜, այս կիրքը... Ես ճանաչում էի մի կին. նա երևաց ինձ ինչպես մի երազ, և երազի պես էլ ցնդեց... Ինձ թվում է, թե ես կուտեի նրա մարմինը, կուտեի ուղղակի գազանի պես, եթե... Ո՞ւր է նա... Բեր նրան այստեղ, նրան միայն, ուրիշ ոչ մի կին, և ես պատրաստ եմ հարություն առնելու...

Մինասյանը խիստ հետաքրքրվեց և ուշի-ուշով ականջ էր դնում Շահյանի խոստովանությանը։ Նրան խիստ զարմացրեց մանավանդ այն հանգամանքը, որ այնքան հանգիստ ու թմրած Շահյանն այժմ խոսում էր արտասովոր եռանդով և, ըստ երևույթին, ի ներքուստ զորեղապես հուզված։ Բայց ո՛վ էր այն կինը, որի մասին խոսում էր նա,— Մինասյանը չկարողացավ իմանալ, որովհետև Շահյանը լսեց և այլևս ոչ մի խոսք չկամեցավ արտասանել այդ մասին։

— Բայց Մարությանների տունը գնո՞ւմ ենք, թե ոչ,— հարցրեց Մինասյանը։

— Ոչ, չենք գնում։

— Ինչո՞ւ։

— Որովհետև... խնդրում եմ, խաչ քաշիր ինձ վրա և անցիր գնա։

— Իսկ եթե խաչ չքաշեմ ու չանցնեմ չգնամ։

— Դա պարզ բռնություն կլինի։

— Իսկ մորդ մասին չե՞ս մտածում։

— Ա՜խ, թո՛ղ, թե աստվածդ կսիրես,— բացականչեց Շահյանը ջղայնոտության հանկարծական բռնկումով։— Ո՞վ էր ասում նրան, որ ինձ նման մի թուլամորթ արարած ծնի։