Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծնեց, ուրեմն թող կրի իր անմտության պատիժը։ Չեմ հասկանում, նա ինչո՞ւ է ապրում:

— Եվ խիղճդ չի՞ տանջում քեզ, որ այդպիսի բաներ ես ասում մորդ համար։

— Խիղճը վատ խորհրդատու է։ Եթե քննես մարդկության ներքին կյանքը, կտեսնես, որ աշխարհիս երեսին ամենադժբախտն այն մարդիկ են, որոնք խիղճ ունին։

— Դու սոփեստ ես։ Ասենք, սոփեստությունը հոռետեսների գլխավոր հատկանիշն է։ Մի անգամ որ վճռել ես հոռետես լինել, աշխատում ես ամեն բան թարս հասկանալ, քեզ համար սպիտակը սև է, շաքարը — լեղի, ծիծաղը — լաց, լույսը — խավար, այդպես և խիղճ ունենալը — դժբախտություն։ Բայց ես չեմ ուզում քեզ հետ վիճաբանության բռնվել, որովհետև խոսքով քեզ չի կարելի համոզել։ Սոփեստություններիդ բոլոր անհեթեթությունը կհասկանաս այն ժամանակ միայն, երբ կյանքի հորձանքը մտնես, երբ մարդկության գործոն անդամներից մեկը դառնաս։ Բայց այդ բանը դու չես ուզում կամ, ավելի ճիշտն ասած, վախենում ես այդ բանից, որովհետև, ինչպես ինքդ շատ լավ բնորոշեցիր քեզ, դու թուլամորթ մարդ ես։ Ես քեզ ասում եմ՝ արի բժշկեմ քեզ, դու ինձ ասում ես, թե խաչ քաշեմ քեզ վրա։ Մի՞թե, հիրավի, քո մեջ արդեն միանգամայն մեռել է ապրելու ձգտումը, որից աստված չի զրկել նույնիսկ ամենաչնչին զեռունին։

— Մեռել է, միանգամայն մեռել է,— ասաց Շահյանը, ետ ընկնելով բազկաթոռի մեջքին, և աչքերը փակեց ձանձրացած։

— Բայց ինչ-որ կնոջ մասին խոսելիս ասացիր, որ եթե նա քեզ մոտ լինի, հարություն կառնես: Այդ բանն ինձ հիմք է տալիս կարծելու, որ դրությանդ պատճառն իսկապես սերն է, դժբախտ սերը: Հա՞:

— Այս սեր չէ,— պատասխանեց Շահյանը, գլուխը ետ ձգած բազկաթոռի մեջքին և աչքերը փակած:— Այս այն է, ինչ որ կա ամեն մարդու, ամեն կենդանի արարածի մեջ: Այս այն է, առանց որի մարդկությունը և առհասարակ բոլոր կենդանի աշխարհը պիտի մեռներ, չորանար և իսպառ ոչնչանար մի սերնդի վրա, ինչպես չորանում և ոչնչանում է