Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շահյանը խոսում էր այնպիսի վճռական եղանակով և այնքան վիրավորված, որ Մինասյանը մնացել էր զարմացած, թե ո՞րտեղից գտնվեց հանկարծ այդքան կամքի ուժ և այդպիսի անձնասիրություն այդ մեռած երիտասարդի մեջ։

— Բայց դու կորած ես, Լևոն, եթե դուրս չգաս դեպի ազատ օդ,— բացականչեց Մինասյանը։

— Քեզ ի՞նչ, թող կորչեմ, քեզ ի՞նչ,— պատասխանեց Շահյանն այնքան գրգռված, որ գաջի գույն ստացած նրա դեմքի վրա մինչև անգամ կարմրության պես մի բան երևաց։

Մինասյանը նորից փորձեց համոզել նրան այս անգամ ավելի լրջորեն և մտերմորեն, սակայն Շահյանը մնաց անդրդվելի։

— Դե, որ այդպես է, պետք է ճիշտ որ, խաչ քաշել քեզ վրա և անցնել գնալ,— բացականչեց Մինասյանը։— Այժմ մեղքն ու վարձքը քո շլինքին։

Մինասյանը դուրս եկավ Շահյանի մոտից միանգամայն համոզված, որ նրան փրկելու ոչ մի հույս չկա։

19

Այդ երեկո Մարությանների տանը խոսակցության առարկան Շահյանն էր։ Մինասյանը նկարագրեց նրան իբրև ֆիզիկապես և մանավանդ իբրև հոգեպես կորած մի մարդու, որ հրաշքով միայն կարող էր ազատվել կյանքի համար։

— Բայց ի՞նչ կասեք, որ ես այդ հրաշքը գործեմ,— բացականչեց Մարությանը։

— Այդ անկարելի է,— ասաց Մինասյանը։— Ես, որ այնքան մոտ եմ նրան, ոչ մի կերպ չկարողացա համոզել, որ շորերը հագնի և դուրս գա ինձ հետ։

— Իսկ եթե ես վաղը բերեմ նրան այստեղ։

— Ինչ ասեմ, մինչև որ չտեսնեմ, չեմ հավատալ։

— Շատ բարի։

Հետևյալ օրը Մարությանի առաջին գործն այն եղավ, որ դիմեց դեպի Շահյանի տուն։ Նրան ոգևորում էր ոչ այնքան «հրաշք գործելու», այսինքն Շահյանին փրկելու ցանկությունը, որքան այն, որ Շահյանին իրենց տուն բերելով կենդանության