Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի նոր հոսանք պիտի մտցներ իր ընտանիքի մեջ, ինչպիսի կենդանություն որ մտցրել էր արդեն Մինասյանին իրենց տուն հրավիրելով, թեև նա շատ հեռու էր Մինասյանի ունեցած ընդունակությունները Շահյանին վերագրելու մտքից։

Իրենց տան փողոցը դեռ չէր ծռվել նա, երբ արագ քայլերով նրա դեմն ելավ օր. Սահակյանը։

— Նոր լուր իմացե՞լ եք,— կանչեց օր. Սահակյանը՝ դեռ չմոտեցած։

— Ի՞նչ լուր։

— Շահյանը անձնասպանություն է գործել։

Մարությանը կանգ առավ քարացած։

— Այդ անկարելի է,— ասաց նա մեքենայաբար։

— Ձեզ ճիշտ բան եմ ասում. ատրճանակով ցրիվ է տվել իր հիմար ուղեղը։ Իր կալվածների կառավարիչը պատմեց։ Մեր բակումն է ապրում։

— Ե՞րբ, ի՞նչ եք ասում։

— Երեկ գիշեր։ Այդպիսով Նոր տարվա առաջին իսկ օրը հայոց աշխարհը դժբախտություն ունեցավ զրկվելու մի երևելի կյանքից։ Եվ, երևի, դրա՞ համար է, որ այդքան ազդվեցիք։

— Վա՛յ, խե՜ղճ, խե՜ղճ երիտասարդ,— արտասանեց Մարությանն անկեղծ ցավով։— Իսկ ես, երևակայեցեք, այս րոպեիս գնում էի, որ նրան մեր տուն բերեմ։

— Այդ ի՞նչ քամի էր փչել ձեր գլխին։

Մարությանը պատմեց Մինասյանի պատմածը Շահյանի մասին և ասաց, թե կամենում էր և հույս ուներ, որ կփրկի նրան։

— Ո՞ւմ պետք է փրկեիք. մի արդեն մեռած մարդո՞ւ,— բացականչեց օր. Սահակյանը։— Մինասյանն երեկ նրա մոտից ուղղակի մեր տուն էր եկել և նրա մասին խոսում էր իբրև արդեն մեռած մարդու մասին։ Ինձ որ հարցնես, ես ամենևին չեմ ցավում, որովհետև, միևնույն է, անպետք մարդ էր։

Մարությանը տխուր ու տրտում վերադարձավ տուն օր. Սահակյանի հետ։