Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տանն ամենքի վրա խոր տպավորություն գործեց Շահյանի անձնասպանության լուրը։ Թեկլեն սկսեց սգալ ցամաք աչքերով, բայց այնպիսի աղեկտուր խոսքերով, որ նույնիսկ օր. Սահակյանն արտասվեց։ Եվան թաշկինակը սեղմել էր աչքերին և իզուր աշխատում էր զսպել խեղղող հեկեկանքը: Նա հիշում էր Շահյանի հետ ունեցած իր ծանոթությունը և թեպետ մի առանձին քնքուշ զգացում չէր տածում դեպի նա, բայց նրան շատ բարի ու անվնաս երիտասարդ էր համարում և այժմ սրտի խորքից ցավում էր նրա եղեռնական վախճանի համար։ Մինչդեռ Աշխենը նստած էր լուռ, անշարժ, կենտրոնացած հայացքը հառած մի կետի և նրա միտքը, հոգին թռել էր հեռու, այնտեղ, ուր նույնպես մեռել էր իր սիրած երիտասարդը, բայց բոլորովին այլ մահով — պատվավոր, օգտակար, խրախուսիչ մահով...

Մինասյանը տան չէր և Շահյանի անձնասպանության լուրն իմացավ այն ժամանակ, երբ ճաշին տուն եկավ։ Թեև այդ լուրն այնքան էլ անակնկալ չէր նրա համար, բայց և այնպես այնպիսի ազդեցություն ունեցավ նրա վրա, ինչպես գլխին իջեցրած դագանակի մի հարված։

— Ա՛խ, թշվառակա՜նը,— բացականչեց նա,— այդ ի՞նչ է արել։ Հոգիս վկայում էր ախր, որ նա բնական մահով չի մեռնիլ։ Բայց մա՜յրը... մա՜յրը։ Օ՜, խե՜ղճ պառավ։ Ի՞նչ կլինի այժմ նրա դրությունը։

Մինասյանը շտապեց դեպի Շահյանի տուն և վերադարձավ ուշ երեկոյան, երբ Մարությանները նստած էին թեյի սեղանի շուրջը։ Օր. Սահակյանն առավոտվանից մնացել էր Մարությանների տանը և սպասում էր Մինասյանի վերադարձին, որ իմանա Շահյանի անձնասպանության մանրամասնությունները։ Մինասյանը մտավ հոգնած և խիստ տխուր: Նա սրտաճմլիկ մանրամասնություններ պատմեց Շահյանի մոր վիճակի մասին և ասաց, որ խեղճ պառավը պարզապես խելագարված է վշտից։

— Նա չճանաչեց ինձ և շարքը հավաքված ազգականներին պատմում էր, որ գիշերը իր որդու սենյակում հանկարծ մի աթոռ էր վայր ընկել կոտրվել և, երբ շրխկոցի ձայնի