Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա ներս էր վազել այնտեղ, տեսել էր, որ իր Լևոնը հատակի վրա չոքած՝ նորոգում է կոտրված աթոռը։ Ծառայի պատմածից, հիրավի, երևում է, որ Շահյանն անձնասպանությունը գործելիս չոքած է եղել գրասեղանի և աթոռի արանքում և վայր ընկնելիս գլորել է աթոռը։ Ես տեսա թշվառականի դիակը. ատրճանակն արձակել է աջ քունքի վրա և գանգի մի մասը փշրել։

— Թուղթ-բան չի՞ թողել,— հարցրեց Մարությանը:

— Երեք նամակ է թողել. մեկը մոր անունով, որի մեջ գրված էր՝ «Դժբախտ մայր, քեզ չեմ մեղադրում, որովհետև չես իմացել, թե ինչ ոճիր ես գործում»։ Մյուսի մեջ գրված էր բառացի հետևյալը. «Անձնասպանությանս համար ոչ ոքի չմեղադրել, բացի աստծուց»։ Իսկ երրորդն ահա այս ծրարն է իմ հասցեին։

Եվ Մինասյանը ծոցից հանեց մի մեծ ու հաստ ծրար։

— Ի՞նչ է,— հարցրին այս ու այն կողմից խիստ հետաքրքրված։

— Այ, կարդացեք տեսեք ինչ է,— ասաց Մինասյանը, ծրարի միջից հանելով աշակերտական մի տետրակ կապույտ կազմով։

— Տվեք ինձ, ես կարդամ,— ասաց օր. Սահակյանը և տետրակն առավ նրա ձեռքից։

— Իսկ ինձ, եթե կարելի է, մի քիչ բան տվեք ուտելու, որովհետև այսօր ոչինչ չեմ կերել։

Եվան վեր թռավ տեղից։

— Ես պահել եմ ձեր այսօրվա ճաշը։ Ո՞րտեղ կուտեք, այստե՞ղ, թե ձեր սենյակում։

— Այստեղ, այստեղ, ասա բերեն այստեղ,— պատվիրեց Մարությանը։

Այն միջոցին, երբ Մինասյանը, սեղանի ծայրը քաշված, ուտում էր իր ճաշը հոգնած մարդու դանդաղությամբ, օր. Սահակյանը, շրջապատված Մարությաններով, կարդում էր հետևյալը.