Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ չի մտածում, որ այդ բաները կարող են չհետաքրքրել իրեն։

Բազկաթոռի վրա նստած, Շահյանն իր պարզ ակնոցի միջից ուշադրությամբ նայում էր այդ անչափ շատախոս կնոջ տակավին թարմ, բայց փոքր-ինչ կոպիտ դեմքին ու մի քիչ շիլ աչքերին և մտածում էր՝ «ի՜նչ հիմար կին է»։

Դուրսն արդեն մթնել էր, ներսը, սեղանի վրա, վառվում էր հսկա լամպը ձմերկաձև չեչոտ լուսամփոփով: Շահյանն արդեն բավական ձանձրացել էր տիկնոջ շատախոսությունից և աստված, աստված էր անում, թե երբ պետք է գան Մարությանն ու Եվան:

Նախասենյակում լսվեց դռան էլեկտրական զանգակի աղմկալի ձայնը, որը չափից դուրս երկար շարունակվեց։

— Այ, հիմա չի՜ դադարիլ,— ասաց Թեկլեն և, դեմքը թթվեցրած, երկու ձեռքով փակեց ականջները, մինչև որ զանգակը, երկարատև աղմուկ հանելուց հետո, վերջապես լռեց։— Աղջիկս է,— բացատրեց Շահյանին։— Միշտ այսպես է, մի անգամ խո չի ածում ու սպասում. մինչև ծառան գնա դուռը բանա, շարունակ պիտի ածի զանգակը։ Օհ, պեծի կրակ է տեղնուտեղը։

Հյուրասենյակի դուռը շրխկոցով բացվեց, և շտապով ներս մտավ Եվան գլխարկով և աշնանային վերարկու հագին։ Շահյանին տեսնելուն պես կանգ առավ դռան մոտ, հոնքերը սաստիկ բարձրացրեց, որից նրա քթածակերը լայնացան, ժպտաց և ուսի վրայից ետ նայեց բաց դռնից դեպի նախասենյակը։

— Հայրիկ, պարոն Շահյանն եկել է,— կանչեց նա:

— Ա՜, վերջապես,— լսվեց Մարությանի ձայնը նախասենյակից:

Շահյանը վեր կացավ և շտապեց դեպի Եվան: Եվան ծանր և հանդիսավոր քայլերով առաջ գնաց դեպի նա և, չարաճճի ժպիտը դեմքին, ձեռքը լուռ մեկնեց նրան: Շահյանը սեղմեց ձեռնոցի մեջ պինդ սեղմած այդ փոքրիկ ձեռքը: Հենց առաջին հայացքից տեսավ, որ Եվայի այդ շինծու ծանր ու հանդիսավոր ընդունելությունը մտերմական բաց կեղծավորություն էր և արտահայտում էր նրա ուրախությունն իր