Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն հասկանալի նպատակով (կամ, գուցե, նա էլ ոչ մի նպատակ չունի), որի հետ մարդուն իրավունք չի տալիս գործ ունենալու։ Նույն բնությունն է, որ ստիպում է նրան ապրել, և դարձյալ ծածուկ է պահում նրանից այն նպատակը, որի համար ստիպում է նրան ապրել։

Սակայն անտանելին և միանգամայն անհասկանալին բնության ստիպմունքը չէ, այլ նույնիսկ մարդկային ստիպմունքը, որը ձևակերպված է ընտանիքի, շրջանի, հասարակության, ազգի, պետության և, վերջապես, ընդհանուր մարդկության նախապաշարմունքների, սովորությունների, հասկացողությունների, օրենքների, սկզբունքների մեջ։ Գուցե ուրիշների համար այդ ստիպմունքն աննկատելի է և անզգալի, իսկ շատերի համար նույնիսկ քաղցր, բայց ինձ համար միշտ անտանելի է եղել, է և կլինի, եթե շարունակեմ ապրել։

Այժմ, երբ կանգնած եմ մահվան դռանը, այդ ստիպմունքը գոյություն չունի ինձ համար։ Ես ազատ եմ, ինչպես օդը։ Եվ, երբ մտածում եմ, որ վաղը և հավիտյան չպիտի մտածեմ այլևս, ինձ թվում է, թե այս րոպեին ամենաերջանիկն եմ ես բոլոր մարդ արարածների մեջ։ Եթե մի բան կա, որից վախենում եմ այս րոպեին, այդ այն է, թե միգուցե այնպես պատահի, որ ստիպեն ինձ դարձյալ ապրել։ Չէ՞ որ «քաղաքակրթությունն» ու «մարդասիրությունն» այնպիսի «բարոյական» (ի՜նչ տխմար բառեր) օրենքներ են սահմանել, որոնց զորությամբ մարդն ազատ չէ մինչև անգամ իր սեփական կյանքին վերջ տալու: Եթե ես, փոխանակ սենյակումս փակված՝ անձնասպանություն գործելու, կամենայի կամրջից գետը նետել ինձ, կբռնեին, թույլ չէին տալ։ Եվ ես իրավունք չէի ունենալ բողոքելու։ Իսկ եթե բողոքեի, գժատուն կտանեին ինձ։ Ահա՛ թե ինչու անձնասպանությունն էլ, գողության պես, ծածուկ է կատարվում։ Բռնություն, բռնություն և բռնություն — ահա թե ինչով է շրջապատված մարդը կյանքի մեջ։ Եվ ես հրաժարվում եմ հասկանալ նրանց, որոնք դատապարտում են այդ բռնությունից իրենց օձիքն ազատողներին։

Չգիտեմ, իմ մահը ումևիցե ցավ կպատաճառի՞, թե ոչ, բայց հաստատ գիտեմ, որ մայրս կամ իսկույն, կամ շատ շուտով կմեռնի։ Է՛հ, այդ ավելի լավ։ «Մարդ մի անգամ պիտի մեռնի», բայց երանի՜ նրան, ով շուտ կմեռնի։ Հազար