Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և բյուր երանի կլիներ, եթե ես մեռնեի այն ժամանակ, երբ դեռ չէր զարթնել գիտակցությունս։

Գիտակցությո՜ւն... Ահա՛ թե որտեղ է մարդուս բոլոր թշվառության աղբյուրը։ Կկամենայի իմանալ՝ ով է եղել այն երևելի ծաղրածուն, որ մարդուն անվանել է «ստեղծագործոլթյունների պսակ» — մի աննման ծաղր, որ մենք ցարդ լուրջ բանի տեղ ենք ընդունում ու գործածում։ Ա՛յն, ինչ որ բնությունը մեզ տվել է իբրև լոկ պատիժ, մենք առանձին շնորհք ենք համարում և պարծենում։ Նա մեզ գիտակցություն է տվել, որ շարունակ տանջվենք, իսկ մենք հիմարաբար կարծում ենք, թե դա մի պսակ է մեր գլուխը զարդարող։

Եթե ես աշխարհիս տերը լինեի, կհրամայեի ոչնչացնել այն բոլորը, ինչ որ նպաստում է մարդու գիտակցության, իմացկանության զարգացմանը, որովհետև ամեն մի քայլ, որ տանում է դեպի զարգացումը, տանջանքի մի նոր դուռ է բաց անում մարդու համար։ Գիտությունն ընդունակ է մարդու մեջ զարգացնելու մի անհագ հարցասիրություն, որի առաջ նույնիսկ ինքն ընկճվում է ինչպես մի թզուկ իր զարթեցրած հուժկու գազանի առաջ։ Քաղաքակրթության գործն այն է, որ մարդու պահանջներն է ավելացնում — բոլորովին ավելորդ պահանջներ — և տասը նոր պահանջից հազիվ մեկին միայն կարողանում է գոհացում տալ։ Մարդու ուղեղը հեքիաթական այն քնած վիշապն է, որ զարթնելուն պես անհագ քաղց է զգում, որքան շատ ես տալիս, որ քաղցը հագեցնե, այնքան ավելի է պահանջում։ Արդ՝ քանի որ ընդունակ չես և անկարելի է նրա քաղցը հագեցնել, ավելի լավ չէ՞, որ թողնես հանգիստ քնած մնա իր համար։ Քանի՞ գրոշ արժե մի դրություն, որ հին իմաստասերը բանաձևել է այս խոսքերով. «Ես միայն մի բան գիտեմ. այն՝ որ ոչինչ չգիտեմ»։ Արժե՞ արդյոք, որ մարդ այնքան տանջվի, չարչարվի միմիայն ա՛յն բանի համար, որ վերջ ի վերջո իմանա, թե ինքը ոչինչ չգիտե։

Կարլեյլը ասում է. «Երբ մարդը քաղցած է, հաց է պահանջում, բայց երբ կշտացավ, հարցնում է՝ ինչո՞ւ եմ ապրում»։ Ես կուզեի, որ ոչ մի քաղցած մարդ չլիներ, այն ժամանակ ամեն մարդ կիմանար և կհամոզվեր, որ իզուր է ապրում։ Այստեղ ես գալիս եմ մի զարմանալի եզրակացության.