Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այստեղ հրավիրած, բայց ես օր. Սոնայի մի մազի կեսի կեսն անգամ չէի փոխիլ նրանց բոլորի հետ միասին վերցրած։ Օր. Սոնան, որ այնպես հպարտ կերպով անցնում է նրանց միջով, բոլորն էլ իսկույն սևանում են, կարծես պուդրի տեղ այդ ժամանակ գործլի լինին քսած երեսներին, հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Այս ի՞նչ յուղ է, որ սա քսում է գլխիս։

ՍՏԵՓԱՆ։ Եթե ես ձեր տեղը լինեի, պ. Պետրոս, այսինքն՝ եթե ես օր. Սոնայի հայրը լինեի կամ նա իմ աղջիկս լիներ, ես ձեզ հավատացնում եմ, որ հոգիս, հոգիս անգամ չէի խնայիլ նրա համար, նրա զվարճության, նրա երջանկության համար... Հա՛, պ. Պետրոս, գիտե՞ք ի՛նչ կա.— ես կարծում եմ, որ իմ տղայի և ձեր աղջկա մեջ մի ինչ-որ բան կա...

ՊԵՏՐՈՍ (շուտ): Ի՞նչ բան...

ՍՏԵՓԱՆ։ Դուք չե՞ք նկատում, որ բոլոր ժամանակ նրանք միմյանցից չեն հեռանում և միշտ միմյանց հետ են պարում։

ՊԵՏՐՈՍ։ Հետո՞։

ՍՏԵՓԱՆ։ Եվ դուք այդ բանից ոչինչ չե՞ք եզրակացնում։

ՊԵՏՐՈՍ։ Ի՞նչ:

ՍՏԵՓԱՆ։ Որ նրանք... սիրում են միմյանց։

ՊԵՏՐՈՍ։ Ի՞նչ եք ասում...

ՍՏԵՓԱՆ։ Ես ձեզ ճշմարիտ բան եմ ասում... Խո գիտեք, էլի, ջահելների բանը, ի՛նչ չարաճճիություններ ասես, որ նրանք չեն անիլ, հա՜, հա՜, հա՜... (Վեր է կենում և առնելով նրա կուռը): Ապա անցնենք այսպես, ես համոզված եմ, որ նրանք հիմա էլ մի որևէ ծառի տակ առանձնացած կամաց-կամաց քչփչում են միմյանց հե՛տ, հա՜, հա՜... (Հեռանում են պարտեզի աջ կողմը):


ՏԵՍԻԼ V

Եղիսաբեթ, Նատալիա

ԵՂԻՍԱԲԵԹ (Նատալիայի հետ կուռ կռի տված՝ իջնում է սանդուղքով): Ես ձեզ պետք է ցույց տամ մեր պարտեզի նոր ավազանը։ Հիանալի բան է։ Դուք խո գիտեք, որ իմ մարդս