Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդպիսի բաների համար ոչինչ չէ խնայում։ Նա հատուկ այդ նոր ավազանի համար բերել է տվել փոքրիկ ձկնիկներ, որոնք արևի կամ լուսնի շողերի տակ ջրի մեջ խլպլտալիս մի այնպիսի գեղեցիկ գույներով են փայլում, որ մարդ ակամա հիանում է։ Սոնաս խո բոլորովին սիրահարված է նրանց վրա. համարյա թե ողջ օրը նստած է ավազանի մոտ և միշտ կերակրում է նրանց հացի փշրունքով։

ՆԱՏԱԼԻԱ։ Любопытно.

ԵՂԻՍԱԲԵԹ։ Անպատճառ ամենքն այնտեղ են և նայում են ձկներին... (Հեռանում են պարտեզի աջ կողմը):


ՏԵՍԻԼ VI

Արսենյանց (իջնում է սանդուղքով), Թորոսյան (մտնում է ձախ կողմից, տան ետևից)


ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜, Թորոսյան... Նո՞ր ես գալիս... ինչո՞ւ այսքան ուշացար...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ի՜նչ է, փափեն սառե՞ց... Ուշացա՜... կարծես ինձ շատ սպասելով աչքներդ ջուր կտրվեց։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Վա՜հ, իհարկե, առանց քեզ այստեղ ի՛նչպես կարող են ժամանակ անցկացնել, հա՜, հա՜, հա՜...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ծաղրի՛ր, բարեկամ, ծաղրի՛ր, այն ինչ ամենաառաջին ծաղրելին դու և դուք եք... Ձեզ պես պարազիտներն ու սիբարիտներն էլ որ ուրիշի վրա բերան բաց անեն, բաս մեզ պես ազնիվ զգացմունքներով վառվող երիտասարդները ո՛ր ջհանդամը կորչեն... Դեռ չես էլ ամաչում, որ պարծենում ես, թե համալսարանական գիտություն ես ստացել։ Ա՜յդ է, էլի, քո համալսարանական գիտությունը, որ ինքդ ոչինչ չարած, հասարակությանը, ազգին ոչինչ շահ չբերած՝ ծաղրում ես նրանց, որոնք ամենայն անձնվիրութամբ ուզում են այդ անել... (Արսենյանցը ծիծաղում է): Դե՛, մի՛ ծիծաղիր, է, կատաղությունս բերում ես...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ես քեզ վրա խո չեմ ծիծաղում, քո խոսքերի վրա եմ ծիծաղում։

ԹՈՐՈՍՅԱՆ (կարճ լռությունից հետո): Գայլի գլխին ավետարան էին կարդում, ասում է, ոչխարը սարն անց կացավ։