Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈՆԱ։ Հա՜, հա՜, հա՜, մի՞թե մինչ այդ աստիճան կարելի է բռնանալ (Թորոսյանը նրանց տեսնելու պես մնում է քարացած նստած տեղում: Նրանք չեն տեսնում նրան):

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ինչ ուզում ես համարիր իմ այդ խնդիրքը, բայց ես երբեք սառնասրտությամբ չեմ կարող նայել այն մարդուն, որ գրկած կունենա քո մեջքը։

ՍՈՆԱ։ Ա՜... ես քեզանից վախենում եմ, պարո՛ն, դու հիմիկուց ցույց ես տալիս քո խանդոտությունը։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Ո՛չ։ Սոնա, այս խանդոտություն չէ, այս անսահման սեր է, ուրիշ ոչինչ...

ՍՈՆԱ (հանկարծ տեսնում է Թորոսյանին, դեռ շփոթվում է, բայց շուտով հավաքում է իրեն, ժպտում է և մոտեսնում է նրան): Պ. Թորո՛սյան... Ինչո՞ւ դուք այստեղ մենակ նստել եք... Ինչպես երևում է նոր եք եկել։

ԹՈՐՈՍՅԱՆ (որ արդեն վեր է կացել): Ճշմարիտ է, ես նոր եմ եկել։

ՍՈՆԱ։ Բայց ինչո՞ւ այսպես ուշ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Մի՞թե դուք ինձ սպասում էիք։

ՍՈՆԱ (ժպտալով): Այո։

ԹՈՐՈՍՅԱՆ (կեղծ ոգևորությամբ): Ո՜րպիսի մեծ պատիվ, որին արժանի չեմ... (լուրջ): Ես գործ ունեի։

ՍՈՆԱ։ Ա՜խ, իրավ, ես մոռացա, որ դուք միշտ «գործ» ունիք...

ԹՈՐՈՍՅԱՆ (առանձին): Այս ի՞նչ է. սա է՞լ է ինձ ծաղրում... (Նրան): Օրիորդ, մի՞թե դուք չեք հավատում այն գործին, որին ես ծառայում եմ և ուզում եմ ծառայել ապագայումն է՛լ...

ՍՈՆԱ։ Ա՜խ, ի՛նչպես չէ, քանի որ ամեն օր դուք ինձ հավատացնում եք այդ... Հա, լավ միտս եկավ, պ. Թորոսյան, դուք ինձ մոտ մի նամակ ունիք. կարծեմ, ձեր գյուղից է։ Երեկոյան բերեցին, բայց որովհետև դուք տանը չէիք, այդ պատճառով ինձ տվեցին, որպեսզի հետո ձեզ հանձնեմ... Դուք ծանոթ չե՞ք միմյանց, պարոններ։ Խնդրեմ ծանոթացեք։— Բարսեղ Թորոսյան, Ալեքսանդր Միզանյան։ (Նրանք գլուխն են տալիս միմյանց): Եվ խնդրեմ զբաղվեք խոսակցությունով, մինչև որ (Թորոսյանին) ես կբերեմ ձեր նամակը...