Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԵՏՐՈՍ։ Բայց փո՛ւչ կենդանի, ինչո՞վ դու կարող ես հաստատել, որ ես Սան-Սուսիում եղած եմ...

ՎԱՆՈ։ Մի «բարոյական» կնո՞ջ հետ,— ո՞վ է ասում, թե կարող եմ հաստատել...

ՊԵՏՐՈՍ։ Ա՜, ուրեմն դու սո՛ւտ ես ասում, ավազա՛կ, երբոր չես կարող հաստատել... Հիմա ես խելքի եմ եկել, անառա՛կ, խելքի եմ եկել. էլ չես կարող ինձ առաջվա նման խաղացնել... Առաջ էլ խելագար էի, որ այդ անիծած խոսքը քեզանից լսելուն պես՝ հարյուրները բուռդ էի կոխում, որպեսզի պապանձվեիր և ոչ ոքի չասեիր այդ խայտառակության մասին․ բայց այնքան չէի մտածում, որ դու այդ հաստատել չե՛ս կարող, ավազա՛կ․․․ Ես ամենքին կհավատացնեի, որ դու լրբաբար սուտ ես ասում, որպեսզի ինձանից փողեր գջլես...

ՎԱՆՈ։ Բայց խո իսկապես սուտ չէ՞, հայրիկ, որ ես ձեզ բռնեցի Սան-Սուսիում մի «բարոյական» կնոջ հետ ընթրելիս։

ՊԵՏՐՈՍ։ Սու՛տ է...

ՎԱՆՈ։ Իմ առաջս է՞լ եք ուրանում։

ՊԵՏՐՈՍ։ Ամենքի, ամենքի առաջ, ավազա՛կ...

ՎԱՆՈ։ Վա՛հ, էլ ի՞նչ եք այդպես բղավում․ չե՞ք վախենում, որ տանն իմանան և գան։

ՊԵՏՐՈՍ։ Թո՛ղ, ով ուզում է, գա... դու լրբաբար սուտ ես ասում, անառակ...

ՎԱՆՈ։ Բայց, հայրիկ, եթե ես սուտ եմ ասում և հիմա էլ սուտ եմ ասում, բաս ինչո՞ւ Սան-Սուսի բառը լսելուն պես, ինչպես դուք եք ասում, հարյուրները բուռս էիք կոխում։

ՊԵՏՐՈՍ։ Այդ հաստատիր նրանց առաջ, նրանց — կնոջս և աղջկաս առաջ, ավազակ... բացի մեզանից, ոչ ոքի խո հայտնի չէ՞, թե ես քեզ մի այդպիսի բանի համար հարյուրներ էի տալիս։

ՎԱՆՈ։ Այդ դեռ մեզ համար, հայրիկ, մեզ համար. ես ուզում եմ, որ դուք ձեր սեփական բերանով խոստովանեք, որ ես սուտ չեմ ասում, իսկ հետո, երևի, մի բան կգտնվի, որով կկարողանանք այդ բանը նրանց էլ հաստատել։

ՊԵՏՐՈՍ։ Ոչի՛նչ չի գտնվիլ, ոչի՛նչ, ավազա՛կ, և... կործանվի՛ր այստեղից... Այսուհետև չհամարձակվես այս տունը ոտք դնել, թե չէ ես գիտեմ, թե ինչպես կվարվեմ քեզ հետ...