Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լի՛րբ և անառա՛կ... (Մի կատաղի հայացք գցելով նրա վրա, շուռ է գալիս և գնում է դեպի սանդուղքը):

ՎԱՆՈ (Նրա հետևից): Իսկ Անիչկային գրած նամակիդ ի՞նչ կասեք, հայրիկ... (Տեսնելով, որ նա չէ լսում իրեն, ձայնը բարձրացնում է առանձին շեշտելով): Ինձ մո՛տ է։

ՊԵՏՐՈՍ (վերջին խոսքերի վրա հանկարծ շուռ է գալիս և շտապով մոտենում է նրան): Ի՞նչ ասեցիր։

ՎԱՆՈ։ Ոչինչ։

ՊԵՏՐՈՍ։ Ասա՛, ի՞նչ ասեցիր հիմա ետևիցս։

ՎԱՆՈ։ Միևնույն չէ՞ ինչ որ ասեցի.— ես սուտ եմ ասում։

ՊԵՏՐՈՍ։ Դու կարծեմ, նամակի անուն տվիր։

ՎԱՆՈ։ Ի՞նչ անենք որ։

ՊԵՏՐՈՍ։ Ասացիր, որ քեզ մոտ է։

ՎԱՆՈ։ Ասեցի, հետո՞։

ՊԵՏՐՈՍ։ Ցույց տուր տեսնեմ։

ՎԱՆՈ։ Ինչո՞ւ։

ՊԵՏՐՈՍ։ Տեսնեմ այդ այդ նամա՞կն է...

ՎԱՆՈ։ Ո՞ր նամակը։

ՊԵՏՐՈՍ (նրա վրա մի փորձող հայացք ձգելուց հետո): Ա՛յ դու, լի՛րբ և անամոթ... դու դարձյալ սուտ ես ասում... դու հիմա այդ ես մոգոնել, ի՛նչ է շարունակես ինձնից փողեր գջլել...

ՎԱՆՈ։ Ի՞նչ եմ մոգոնել։

ՊԵՏՐՈՍ։ Որ իբր թե ես նամակ եմ գրել...

ՎԱՆՈ։ Ո՞ւմը։

ՊԵՏՐՈՍ։ Անիչկային...

ՎԱՆՈ։ Անիչկան ո՞վ է։

ՊԵՏՐՈՍ։ Ես ի՞նչ գիտեմ, ավազա՛կ... այդ դու մոգոնում ես, մոգոնում...

ՎԱՆՈ։ Ուրեմն՝ բարի զիշեր, հայրիկ, էլ ի՛նչ հարկավոր է այդքան բարկանալ.— ես միշտ սուտ եմ ասում և մոգոնում։ Բարի գիշեր... կամ թե չէ՝ մնաք բարով։ (Հանդարտ գնում է դեպի պարտեզի մուտքը՝ ձախ կողմը):

ՊԵՏՐՈՍ (կանգնած է սաստիկ անվճռական դրության մեջ. հանկարծ կանչելով նրա ետևից): Մինչև ցույց չտաս, չեմ հավատալ...