դրեց մոր բազկաթոռի մոտ և երկու ձեռքով ուղղեց շրջազգեստը ծնկների վրա:
Հայրը նայեց նրան և լուռ դողդոջուն կերպով ծիծաղեց:
Եվան իր կողմից լուռ նայեց հոր աչքերին։ Դեմքին նա այնպիսի կեղծ-լուրջ արտահայտություն էր տվել, որ Մարությանի հետ չկարողացան չծիծաղել նաև Թեկլեն ու Շահյանը։
— Զարմանալի է. ի՞նչ եք ծիծաղում,— նկատեց Եվան:
— Ի՞նչպես արիր. ինչպե՞ս. հապա մեկ էլ արա,— ասաց Մարությանը:
— Չէ՛, հայրիկ. ֆոկուսը մի անգամ կանեն, այլապես համ չի ունենալ: Նույնիսկ քո այն իսկական համարած մումիան մի անգամ էլ որ տեսնես, այլևս հետաքրքրություն չի շարժիլ: Բայց գիտե՞ք, պարոն Շահյան, թանգարանում ի՞նչ ազդեց ինձ վրա ավելի:
— Ի՞նչ։
— Մարի Ստյուարտի մահապատժից առաջ…Դուք կարդացե՞լ եք Շիլլերի դրամը։
— «Մարի Ստյո՞ւարտը»։ Կարդացել եմ։
— Հրաշալի է, չէ՞։ Բայց պետք է տեսնեք այդ անբախտ թագուհու մոմից ձուլված պատկերը, որ խոր, շատ խոր տպավորություն ստանաք։ Այնքա՛ն կենդանի, այնքա՛ն վեհ, այնքա՛ն հանգիստ վիշտ է արտահայտում նրա գեղեցիկ դեմքը, որ… մինչև անգամ ցանկանում ես նրա տեղը լինել։
— Ի՜նչ հիմարություն,— նկատեց Մարությանը։
Եվան զարմացած նայեց նրան։
— Հայրիկ, դու անսիրտ մարդ ես։
— Որովհետև չեմ ցանկանում, որ Մարի Ստյուրատի պես ինձ տանեն կառափնարա՞ն։
— Ո՛ւֆ, ի՞նչ ես ասում, հայրիկ. ես խո այդ չեմ ասում:
— Հապա՞։
— Ես ա՛յն եմ ասում, որ Մարի Ստյուարտի վիճակը չի շարժում քո կարեկցությունը։
— Եվ ի՞նչ կարիք կա, ասա խնդրեմ, որ շարժի։
— Տեսնո՞ւմ եք, պարոն Շահյան. տղամարդիկ միշտ այսպես գործնական տեսակետից են նայում բանի վրա։