դուք բոլորովին հանգիստ կարող եք լինել։ (Թղթապահը հանում է, փողը մեջն է դնում և պահում է): Ձեր նամակն, ասում եմ, ոչ ոք չի տեսնիլ. նա ինձ մոտ ավելի ապահով կմընա, քան թե ձեզ մոտ։
ՊԵՏՐՈՍ։ Հեռացի՛ր, կորի՛ր ի սեր աստուծո։
ՎԱՆՈ։ Ցտեսություն, հայրիկ, բարի գիշեր․․․ Ես այնքան էլ փչացած տղա չեմ, որքան...
ՊԵՏՐՈՍ (գոռալով), կկորչես, թե չէ... (Վանոն գլուխ է տալիս և դուրս է գնում ձախ կողմը)։
ՏԵՍԻԼ XX
Պետրոս (միայն)
Այս ի՞նչ կրակի մեջ եմ ընկել, տեր աստված, այս ի՞նչ պատիժ է հասել գլխիս... Ո՞րտեղից գրեցի ես այն անիծված նամակը... Ասա էլ ի՞նչ քո ժամանակն է այդպիսի բաների ետևից ընկնել, տո, տո, տո... Ծե՛ր էշ, տո, տո, տո... քավթա՛ռ շուն... Ինչո՞վ չես ուզում թողնել երիտասարդական հիմարություններդ... ահագին ընտանիքի տեր մարդ ես... Ա՜խ, ա՜խ, բայց այդ փչացածի ձեռքը ո՞րտեղից է ընկել այդ նամակը, ո՞վ է տվել դրան... (Կատաղած ման է գալիս): Օ՜հ, ի՞նչ անեի, չհամաձայնեի, բացի կնոջիցս և աղջկանիցս, նա ինձ և՛ ուրիշների առաջ կխայտառակեր այդ անիծված նամակով... Ես դիտմամբ ամեն շաբաթ երեկո և կիրակի առավոտ եկեղեցի եմ գնում, աղքատներին բացարձակապես ողորմություն եմ տալիս, ինչ է՝ կարծեն, որ ես մի աստվածասեր և ողորմած մարդ եմ, որպեսզի այդպիսությունով ծածկեմ իմ ներքին կյանքը, և հանկարծ հայտնվի մի այդպիսի նամակ, որ իմ սեփական ձեռքովս գրված,— ի՞նչ կկարծեն իմ մասին... Ի՜նչ խայտառակություն, ի՜նչ խայտառակություն... Ա՜խ... ահա՜, իմ հարազատ որդիս, իմ միսս ու արյունս ինձ ի՛նչ տեղն է գցել... Օ՜, փչանար դա մոր փորում և լույս աշխարհ չտեսներ, այդ անառա՛կը, այդ ավազա՛կը, այդ... այդ... օձը, օձի ճուտը... Ո՛չ, պետք է շուտով առանց ուշացնելու, իրեն սևցնել յուր պահանջած գումարն և ոչնչացնել այդ