Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՏԵՓԱՆ։ Հա՜։ Այսօր ծխականների ժողով են նշանակում, որպեսզի նոր երեցփոխ ընտրեն և հին երեցփոխից հաշիվ պահանջեն։ Առաջինն, իհարկե, իբրև նշանավոր մարդու, ինձ են հրավիրում, թեև, ճշմարիտն ասած, զահլաս գնում է այդպիսի հիմար գործերից։ Գնում եմ։ Ուսումնարանում տեղ չկա. այնքան մարդ է հավաքվել։ Ինձ են սպասում։ Մտնում եմ, թե չէ, իսկույն ամենքն էլ վեր են կենում տեղերից և ինձ խոր գլուխ են տալիս...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Տեսնո՞ւմ եք ի՜նչ մեծ մարդ է... (Նրան): Փողը ո՞րքան է լինում տակովն արած։

ՍՏԵՓԱՆ Ասում են որ... կարծեմ... հա՛,— յոթն հազար մանեթ։

ՊԵՏՐՈՍ։ Մի՞թե։

ՍՏԵՓԱՆ։ Չնչի՜ն գումար․․․

ՊԵՏՐՈՍ (առանձին) Օ՜ — հո՛․․․

ՍՏԵՓԱՆ: Յոթն հազար մանեթ այս րոպեիս տարեկան իմ որդին է ստանում... նույնպես և քո...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Տե՜ր ողորմյա, սա ինձ էշ է կարծում, ի՛նչ է...

ՍՏԵՓԱՆ։ Հա՛, և այդպես... սկսում են մարդիկ ընտրել երեցփոխից հաշիվ պահանջելու։ Իբրև նշանավոր մարդ, ես ընտրվում եմ, իհարկե, միաձայն։ Բայց նույն րոպեին էլ հրաժարվում եմ, ասելով, որ ես այդպիսի բաների համար ժամանակ չունեմ։— Եվ ճշմարիտ, որ չունեմ։— Սկսում են խնդրել, աղաչել, որ հրաժարականս ետ առնեմ, բայց ես իմն եմ պնդում։ Ո՛չ ուզում են նոր մարդ ընտրել իմ տեղը,— և ո՛ւմ պետք է ընտրեին, որ կարողանար իմ տեղը բռնել,— ո՛չ ուզում են հրաժարականս ընդունել։ Բայց խո գիտեք, որ իմ «այո»-ն այո՛ է և «ոչն» — ո՛չ. հենց մի գլուխ իմն եմ պնդում... Հանկարծ — ինչ եք կարծում — վեր է կենում մեր տաք գլուխ երիտասարդներից կամ, ավելի ուղիղն ասած, մեր բերան-պատռած և լիրբ կինտոներից մեկը և ի՞նչ է ասում, «շատ մի՛ խնդրեք, հրաժարվում է, թո՛ղ հրաժարվի»,— ինձ համար է ասում, գիտե՞ք.— «ուրիշ մարդ չկա՞, որ դրա փեշերքը չպատռտեք»։ Տե՛ր ողորմյա,— խաչակնքում եմ երեսս... (Վեր կենալով և ոտները կատաղությամբ հատակին խփելով՝ գոռում է): Այդ ո՞վ է համարձակվում իմ առաջս