Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդպես խոսել... (Ձայնը ցածրացնելով): Սս՜ս... ձայն-ծպտուն չկա, կարծես, ամենքն էլ քարացել են... Արյունս գլխիս ընկած՝ դես եմ նայում, դեն եմ նայում, որ գտնեմ այն կինտոյին, բայց ո՞ւր է կինտո. ձայնս լսելուն պես այնպես դուրս է փախել, որ ոչ ոք չի տեսել... թե չէ՝ որ բռնեի, գիտե՞ք ի՛նչ կանեի.— աստված է վկա, այնտեղ և եթ մաս-մաս կանեի... վերջապես, ախր, հասարակ մարդ չեմ, որ ամեն տեղից վեր կացողը, ամեն մի մասխարան կարողանա ասել ինձ, ինչ կամենում է... Եվ ի՞նչ եք կարծում, հետո ի՞նչ արեցի.— ուղղակի գլխարկս վերցրի և դուրս եկա... Հապա՛։ Հիմա ես համոզված եմ, որ ինձանից հետո այնտեղ էլ ոչ մի մարդ չէր մնալ։

ՊԵՏՐՈՍ։ Իհարկե...

ՍՏԵՓԱՆ (նորից նստելով): Օ՜, այդ ազգասեր երիտասարդները... բռնես և ամեն մեկին քսան-քսան րոզգի խփես — по солдатский,— որ խելքի գան, քսան-քսան, ավել չէ։ Էլ դրանց ձեռքից հանգստություն չկա, է՛լի... Եղբայր, թող ի՛նչ ուզում են խոսեն, թող ի՛նչ ուզում են դուրս տան իրենց հիվանդ գլխից. բայց գոնե մեզ հանգիստ թողնեն, է՜,... Տե՛ր ողորմյա... Դրանցից մեկն էլ, կարծեմ, ձեր կենացողն է... ուսանող է, ինչ է... այն անտաշն և գժերի գիժը... Անցյալ օրն էլ կնոջս է կպել, թե ինչո՞ւ հայերեն չէ խոսում... Ա՛յնպիսի իրավունքներ են գործ դնում, ա՛յնպիսի իրավունքներ, որ զարմանում ես ճշմարիտ, թե այս բերանպատռածները ո՛րտեղ են մեծացել, որտեղ են կրթվել։

ՊԵՏՐՈՍ։ Ճշմարիտ է, այդ տղաները շատ փչացած են...

ՍՏԵՓԱՆ։ Է՛հ, մախլաս, մախլաս... թողնենք այս խոսակցությունը, թե չէ՝ ես վախենում եմ, որ վերջ չի ունենալ... Ուր են տիկինն ու օրիորդը։

ՊԵՏՐՈՍ։ Դուրս են գնացել։

ՍՏԵՓԱՆ։ Այսպես վա՞ղ։

ՊԵՏՐՈՍ։ Վաղ չէ․ ժամը տասնևմեկին մոտ է։ Նրանք առհասարակ սովորություն ունեն առավոտները, թեյից հետո, դուրս գնալ զբոսնելու, մանավանդ որ այսօր կիրակի է և եղանակն էլ — լավ։

ՍՏԵՓԱՆ։ Ա՜... Լավ է դուք էլ չեք գնացել նրանց հետ զբոսնելու։