Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կոպեկ չեմ տալ, կոպեկ... Նրանց որ հարյուր հազարներ տամ, բաս մեզ ի՞նչ մնա... Այս անիծված ժամանակն էլ բոլորովին առևտուր չկա, իսկ փողը ջրի պես է գնում։ Մի կողմից մենք ենք ծախսում տանը, մյուս կողմից այս փուչ-փչանալու փոքր տղաս է վատնում, երրորդ կողմից... կլուբներումն է ահագին գումարներ գնում... հիմա ծառաների, գործակատարների վարձը և... ես ի՞նչ գիտեմ, ո՞ր մեկն ասեմ... Ամեն կողմից տանում են հա՛ տանում, իսկ բերող ոչոք չկա... Ի՞նչ կլինի վերջն իմ դրությունն, եթե միշտ այսպես շարունակվի... բոլոր հույսս մեծ որդուս վրա է. տեսնենք նրա գործն ի՛նչպես կգնա Մոսկվայում... էլի փա՛ռք աստուծո, որ այդ մի տղաս գոնե խելոք է և ոչ անառակ ու վատնող, ինչպես այս անիծված փոքր տղաս, թե չէ նա այնտեղ ահագին գումարներ է տարել առևտրի — ի՞նչ պետք է անեի ես, եթե նա վատներ այդ բոլորը... Օ՜, աստված մի՛ արասցե... Բաս պարտքե՞րս... Է՜ — հա՜ ... ամպերը հավաքվում են... (Նստում է և, գլուխը կախելով, ընկղմվում է մտածմունքների մեջ)։


ՏԵՍԻԼ III
Սոնա, Պետրոս:

ՍՈՆԱ (Մտնում է գլխարկով և ձեռքին հովհար, նա գնում է դեպի սեղանը, վայր է դնում և ուզում է գլխարկը վերցնել, բայց հանկարծ զարմացած ետ է նայում Պետրոսի կողմը, որ չէ տեսնում նրան): Հայրի՛կ... (Պետրոսը չէ լսում): Հալրի՛կ...

ՊԵՏՐՈՍ (Հանկարծ սթափվելով): Հը՞... Ա՜, դո՞ւ ես, Սոնա։ Զբոսնեցի՞ք։

ՍՈՆԱ։ Այո։

ՊԵՏՐՈՍ։ Մայրդ ո՞ւր է։

ՍՈՆԱ։ Յուր սենյակը մտավ։ (Գլխարկը վերցնում է, դնում է սեղանի վրա և մոտենում է Պետրոսին): Հայրի՛կ, ինչո՞ւ դուք այդպես տխուր եք։

ՊԵՏՐՈՍ։ Ես... տխուր չեմ։